Դավիթ Տոնոյանը պետք է գաղտնազերծի. նրա ու Փաշինյանի մոտ շանտաժի էլեմենտներ եմ տեսնում. Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի կիսում տեսակետը, թե Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելով, իսկ Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելով՝ Նիկոլ Փաշինյանն օրակարգ է նետում նոր թեմաներ ու դրանով փորձում շեղել հանրության ուշադրությունն ընդդիմության առաջ քաշած թիվ մեկ պահանջից՝ իր հրաժարականի հարցից։
«Փաշինյանն այսօր չի կարող ընդդիմությանն օրակարգ թելադրել, չի կարող դա անել ոչ իր գաղափարով, ոչ ունեցած կշռով։ Նա առհասարակ չի կարող որևէ բան թելադրել։ Նա ինքն էլ չգիտի, թե ի՞նչ է անում։ Նա միայն կարողանում է ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանն ու սահմանապահ զորքերին բան թելադրել, որ նրանց շեղի իրենց բուն գործից ու նրանց գործը դարձնի իր անվտանգությունը։ Փաշինյանի հրաժարականի պահանջն էլ չի մղվել երկրորդ պլան. ինչպես եղել է առաջին պլանում, այդպես էլ մնացել է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Պետրոսյանը։
Ըստ նրա՝ այդ պլանն անգամ չի կարող խախտել օրերս Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տված հարցազրույցը, թեև հարց է առաջանում՝ իսկ եթե Դավիթ Տոնոյանն այդ ամենը գիտեր, ինչո՞ւ չէր ավելի վաղ այդ խնդիրների մասին բարձրաձայնում։
«Ավելի վաղ չէր ասում, որովհետև պնդում էր, թե հրաման է կատարել, բայց ո՞ւմ հրամանն է կատարել, չէ՞ որ նրանց տված երդման մեջ գրված չէ, որ իրենք ծառայում են Փաշինյանին, գրված է, որ ծառայում են հայրենիքին, ուստի, եթե հայրենիքին ծառայող մարդն այդ ամենն իմանալով հանդերձ՝ որևէ բան չի ասել ու արել, հիմա՝ հետին թվով հայրենապաշտ ձևանալու փորձերը խայտառակություն են։ Տոնոյանը հիմա խոսեց, որովհետև եթե ժամանակին խոսեր այս ամենի մասին, իր նկատմամբ գրոհ կլիներ, բայց այդ ամենով հանդերձ՝ մեկ է՝ հետին թվով հայրենապաշտ ձևանալն անվիճելի կասկած է հարուցում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ պաշտպանության նախկին նախարարի արդարացումներից պարզ է դառնում, որ ինքն ու Փաշինյանն ունեն միմյանց վերաբերյալ կոմպրոմատներ։
«Տոնոյանը պարտավոր է գաղտնազերծել այն ինչ եղել է՝ անկախ Փաշինյանի արձագանքից, ես նրա նկատմամբ հարգանքս կպահպանեմ։ Իրենք պարտավոր են ի սկզբանե անկեղծ լինել. նրա և Փաշինյանի մոտ շանտաժի էլեմենտ եմ տեսնում, մտածում եմ, որ այստեղ կա շանտաժի էլեմենտ, որովհետև եթե գիտեր, որ մենք այս պատերազմում պարտվել ենք, պետք է այդ մասին ասեր, ինչ է՝ սպասում էր այսքան զինվորի զոհվելո՞ւն։ Պետք է կրեն պատասխանատվություն, որովհետև այսօր, ըստ արժանահավատ լուրերի, իրենք լավ էլ գիտեին, որ այդ տարածքները պետք է հանձնեն, պարզապես այդքան երեխայի գլուխը տարան կերան։ Փաշինյանն իր գլխավոր խորհրդականի՝ կնոջ ցուցումով չի կանգնեցրել պատերազմը, ու կերել են զինվորների գլուխը, և հիմա ամեն մեկը, լավ իմանալով այդ ամենում իր մեղքի բաժինը, փորձում են իրենց վրայից պատասխանատվությունը գցել, սակայն պատասխան են տալու ժամանակի և տարածության մեջ»,- ասաց Պետրոսյանը։
Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը հասնելու նրան, որ ժամանակի և տարածության մեջ արցախյան 3-րդ պատերազմը պարտված իշխանությունները կրեն արժանի պատասխանատվություն, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իր գործիքակազմի մեջ ընդդիմությունն ունի սխալներ, ավելին՝ ընդդիմությունն է մեղավոր նաև, որ պարտության խորհրդանիշ իշխանությունը հիմա ոչ թե հեռանում է, այլ գնում արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրման։
«Թող ընտրություն անի, թող այդտեղ էլ իրեն դրսևորի, իսկ ընդդիմությունը պետք է կատեգորիկ դեմ լինի Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին մասնակցելուն, որովհետև եթե նա դա անի, տիրապետելով ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանն ու վարչական ողջ ռեսուրսին, նկարելու է թվեր և ցույց տալու Ադրբեջանին ու Թուրքիային, թե՝ ես ունեմ ժողովրդի վստահությունը, ու հետևաբար՝ Արցախի հանձնումն այս ընտրություններով լեգալիզացնելու է։ Փաշինյանին այսօր դա է պետք, և արտահերթ խորհրդարանական ընտրություններով վերարտադրելու է այնպիսի իշխանություն, որն ապահովելու է իր անվտանգությունը»,- ասաց Պետրոսյանը։
Հարցին՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելո՞ւ է Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.
«Ես անձամբ չեմ մասնակցելու, եթե մասնակցեմ, դա նշանակում է, որ ես մոռանում եմ, որ ես էլ եմ ասել՝ Նիկոլ, դավաճան։ Ես իմ կարծիքն եմ ասում՝ եթե մենք մասնակցենք նրա վերահսկողության ներքո ընտրություններին, դա նշանակում է, որ մենք կհակասենք մեր ասածին, որ նա դավաճան է և պետք է հեռանա։ Սա իմ անձնական կարծիքն է, կուսակցության ներսում քննարկում չենք ունեցել, բայց պնդում եմ, որ մեր կուսակցությունը պնդում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում պետք է ընդդիմությունն առաջնորդվի «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» հայտնի սկզբունքով։
«Փաշինյանն այսօր երկիրը չի ղեկավարում Սահմանադրությամբ, հետևաբար՝ ժողովուրդն ունի ապստամբության իրավունք, ընդվզելու իրավունք, որն ամրագրված է միջազգային նորմերով։ Հերքի է մենք լո-լո կարդանք, մարդիկ փոփոխություն են ուզում, ասում են՝ հերիք է Սահմանադրության անուն տաք, փոփոխություն արեք, իսկ փոփոխությունը ժողովրդի աջակցությամբ պետք է կատարվի. «Իմ քայլի» պատգամավորներին բերման պետք է ենթարկել Ազգային ժողով և քվեարկել Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցին կողմ։ Իշխանությունն ուզում է քաղաքացիական պատերազմ հարուցել, և այդ նպատակով է, որ անընդհատ ասում է, թե ժողովուրդը չի միանում ընդդիմությանը, թեև, եթե դուրս գանք փողոց և հարցնենք՝ ո՞վ է գոհ Փաշինյանից, դրական կպատասխանեն ընդամենը մեկ-երկու ապուշ։ Փաշինյանը ցանկանում է 15-20 հազար մարդ հանել փողոց և սպանդ կազմակերպել, որ հետո թուրքը գա և մեր երկրին տիրի, Փաշինյանն ասի՝ դուք եք մեղավոր, և թշնամին օգտվեց ներքին խժդժություններից»,- ասաց Պետրոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում