Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կվերածվեն փոխգործակցության և համագործակցության: Զարիֆն այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:
«Ցանկանում եմ շնորհավորել նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը մեր տարածաշրջանում այն ճգնաժամին վերջ դնելու համար, որը հանգեցրել է զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության մահվան: Եվ մենք այսօր մտնում ենք մի նոր շրջան, որտեղ մենք հույս ունենք, որ տարաձայնությունները կվերածվեն համագործակցության և փոխգործակցության: Եվ մենք կարող ենք, հիմնելով տարածաշրջանային համագործակցության վրա, շարժվել դեպի սիներգիայի ստեղծում և գտնել այն ուղիները, որոնք փակվեցին տասնամյակներ, բացել այդ ուղիները, որպեսզի դրանք հանգեցնեն այս ողջ տարածաշրջանի տնտեսական առաջընթացին»,- ասաց Զարիֆը:
Նրա խոսքով` տնտեսական սիներգիան հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության լավագույն երաշխիքը:
«Դուք գիտեք, որ ես իրականացնում եմ տարածաշրջանային շրջագայություններ, այցելում եմ մեր բոլոր հարևան երկրներ՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, և ես այդ թեմայով խոսել եմ իմ գործընկերների հետ: Շատ լավ բանակցություններ են եղել»,- եզրափակեց Զարիֆը: