«Ո՞վ է ֆինանսավորելու ճանապարհների, երկաթգծերի կառուցումը. վերլուծական եզրակացությունից տվյալներ կան, որ Թուրքիան է անելու». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանություններն այսօր երկրում առաջացած բոլոր խնդիրները թողած՝ ինչ-որ գործընթացներ են տանում, որոնք միտված են իրենց վերարտադրությանը։
«Ստացվում է զավեշտալի իրավիճակ, համոզված եմ՝ հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի, արդեն հնչեցրել ենք, առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որից հետո մենք պետք է հասկանանք բոլոր պրոցեսները, թե ինչ է գեներացվում։ Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունն ապրում է ներկայիս Հայաստանին զուգահեռ Հայաստանում, որտեղ չկան գերիներ, կորցրած հայրենիք, ծանր սոցիալական վիճակ, թուրք-ադրբեջանական վտանգներ, որոնք օրեցօր ավելի են մեծանում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին, որտեղ քննարկվում էր ԱԺ-ն լուծարելու և առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։
Ըստ պատգամավորի՝ իշխանության ներկայացրած յուրաքանչյուր օրակարգ, չի բխում առկա խնդիրներից։
Նա զերծ մնաց իշխանության այդ քայլը վերլուծելուց՝ շեշտելով, որ դրա ցանկությունը չունի։
«Իրականում նույնիսկ մարդ հրաժարվում է ընկալել, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, որովհետև դրանք որևէ ձևով չեն շտկում այն իրավիճակը, որն այսօր Հայաստանում զարգանում է, իսկ իրավիճակը Հայաստանում՝ իրականում ծանրագույն է։ Երբ պատերազմից առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էինք, որ թշնամին զորավարժություն է անում, պատրաստվում են պատերազմի, իշխանական պատգամավորներն ասում էին, թե ինչու եմ խտացնում գույները»,- շեշտեց Ա. Աբովյանը։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, պատգամավորն ասաց, որ այն, ինչ իշխանությունները փորձում են ներկայացնել հաղթաթուղթ, դա խորագույն պարտություն է, որովհետև երբ ասում են, որ գնացքով կարող են գնալ Ադրբեջան, բոլորի բյուրեղյա երա՞զն էր գնացքով գնալ Ադրբեջան։
«Ֆիզիկապես վերամիավորվում են Նախիջևանն ու Թուրքիան, դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է։ Հարց եմ տալիս՝ ճանապարհները ապաշրջափակելու դեպքում ֆինանսավորումն ո՞վ է անելու, ո՞վ է ֆինանսավորելու ճանապարհների, երկաթգծերի կառուցումը։ Որոշակի վերլուծական եզրակացությունից տվյալներ կան, որ Թուրքիան է անելու, Թուրքիան և Ադրբեջանը բավականին ակտիվ նախահաշվարկներ են անում»,- ընդգծեց Արման Աբովյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում