Բաժիններ՝

Ոստիկանների կողմից քաղաքացիների խոշտանգման վերաբերյալ 2 քրեական գործ է ուղարկվել դատարան

Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

«Դրանցից մեկով նախաքննության ընթացքում Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վ. Օ.-ին և վերջինիս ծանոթ, ծանրամարտիկ Ա. Ղ.-ին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:

Մասնավորապես, «Դրիմլենդ» դիզայնի խանութում վաճառողուհու և հաճախորդ հանդիսացող մի քաղաքացու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո վաճառողուհու ամուսինը հանդիսացող օպերլիազորներից մեկը, երկու համածառայակիցների հետ վերջինիս, ինչպես նաև նրա հետ նույն տարածք եկած Ա.Ղ.-ին ուժի գործադրմամբ մտցրել են ավտոմեքենա ու փաստացի բերման ենթարկել ոստիկանության բաժին: Սակայն «բերման ենթարկելու մասին» արձանագրության փոխարեն նրանք կազմել են «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրություններ, իսկ այն պայմաններում, երբ Ա. Ղ.-ն որևէ առնչություն չի ունեցել խանութում տեղի ունեցած վիճաբանության հետ, վերջինիս «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրությունում նշել են՝ որ նա կասկածվում է վիճաբանություն կատարելու մեջ:

Այնուհետև, իր կնոջ հետ վիճաբանելու և վերջինիս ենթադրաբար հարվածելու համար պատժելու նպատակով Տ. Ա.-ն նույն բաժանմունքի վերոնշյալ երկու օպերլիազորների և գործով չպարզված այլ ծառայողների հետ բաժնի տարբեր աշխատասենյակներում խմբով, հայհոյանքներ հնչեցնելով, խոշտանգելու միասնական դիտավորությամբ բռունցքներով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարինների տարբեր հատվածներին:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մյուս քրեական գործով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 3 տեսուչի մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նրանք, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ֆիզիկական ուժ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածքում դիտավորությամբ ծեծի են ենթարկել եղբոր հետ իր ավտոմեքենան այնտեղից դուրս բերելու համար նշված վայր ժամանած, ապա ալկոհոլի ազդեցության տակ ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ հնչեցրած քաղաքացուն և նրա եղբորը:

Մեղադրական եզրակացությունները ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում հաստատվելուց հետո նշված քրեական գործերն ուղարկել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ընդհանուր առմամբ 2020թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 142 քրեական գործ։

Հարուցված քրեական գործերից 6-ը՝ 12 անձի վերաբերյալ, (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով՝ 2 քրեական գործ 4 անձի վերաբերյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 քրեական գործ 8 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Համեմատության համար նշենք, որ Ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմեւնքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների փաստերով 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:

Քանակական աճը պայմանավորված է նշված բնույթի հացագործությունների դեպքերի՝ (այդ թվում նաև նախկինում կատարված) բացահայտման ցուցանիշների բարելավմամբ, ՀՀ դատախազության կողմից վարվող՝ նման դեպքերը պարտադիր քրեադատավարական կարգով իրավական գնահատականի արժանացնելու խիստ և հետևողական քաղաքականության արդյունավետությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս