Որն է Իրանի իրական նպատակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. երեկ Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։

Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառն է, այստեղից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա:

Նկատենք՝ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ, ըստ փորձագիտական շրջանակների, Իրանի իշխանությունները մտահոգված են նաեւ այդ շրջաններում սիրիացի վարձկանների առկայությամբ, որոնք Սիրիայում մաս էին կազմում Իրանի աջակցությունը վայելող ուժերի դեմ պատերազմող խմբավորումներին։

Կովկասագետ Վլադիմիր Սաժինը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս աշխատանքային այցերը տարածաշրջան Իրանի կողմից դիրքերի ամրապնդման փորձեր են: «Կարծում եմ՝ կլուծվեն տնտեսական հարցեր, բնականաբար, կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ այլ քաղաքական հարցեր:

Իրանը ցանկանում է ցույց տալ իր ազդեցությունն այն իրավիճակի վրա, որը առկա է Կովկասում, քանի որ հարցի կարգավորման մեջ դեր խաղացին Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան», – նկատեց կովկասագետը:

Հավելենք, որ Զարիֆի հաջորդ կանգառը Մոսկվան է. նա Երեւան կայցելի վաղը՝ հունվարի 27-ին»:

Տեսանյութեր

Լրահոս