Զբաղվածության ապահովման ծրագրերին կարող են դիմել նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից կարող են օգտվել նաև Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր , Աղավնո և Ներքին Սուս համայնքներից տարհանված բնակիչները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը:

«Չնայած նշված բնակավայրերը չեն գտնվում ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի՝ բացառությամբ Արցախում աշխատանք ունեցողների և աշխատավարձ ստացողների՝ ընդունվեն նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դիմումները: Դրանք պետք է ներկայացվեն առձեռն եղանակով»,-մանրամասնեց Վիրաբյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բերձորի բնակչուհի Մարիամ Թևանյանը հայտնել էր, որ անձամբ փորձել է առցանց եղանակով դիմել՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից օգտվելու համար, սակայն, մերժում է ստացել:

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից օգտվելու նպատակով լրացրել եմ առցանց դիմում, որը Առցանց մերժվել է: Որպես հիմնավորում նշվում է, որ Բերձորը ընդգրկված չէ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերի ցանկում»,-ասաց Բերձորի բնակչուհին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց, որ վերջին փոփոխությամբ շահառուների ցուցակն ընդլայնվել է: «Նախկինում գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման այս ծրագրերից կարող էին օգտվել միայն ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները: Նոր փոփոխությամբ՝ շահառու են հանդիսանում նաև նրանք, ում տները հայկական վերահսկողության ներքո են, սակայն պատերազմի հետևանքով վնասվել են և բնակության համար պիտանի չեն», -հայտնեց Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս