«Հայկական խոշոր լոբբիստական կառույցները խորը զարմանքով են վերաբերվել Մակունցի նշանակմանը». Արման Աբովյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու նորությունն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններում այդքան էլ զարմանքով չեն ընդունել, քանի որ, ըստ նրանց՝ իշխանությունների գործողություններում վաղուց արդեն տրամաբանություն չեն փնտրում։
Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ այն գործողությունները, որոնք իշխանությունն այս փուլում իրականացնում է, ցույց է տալիս իշխանության ոչ ադեկվատ վերաբերմունքը։
«Միացյալ Նահանգներն առանցքային պետություն է, ընտրություններից հետո այնտեղ իշխանության են եկել դեմոկրատները, և եթե այստեղ ասում են, որ՝ դե գիտե՞ք ինչ՝ դեմոկրատներն են եկել իշխանության, չեմ հասկանում, թե դրանով ի՞նչ են ուզում փոխել։ Իրենց անզորությունը դիվանագիտական դաշտում արդեն վաղուց ցույց են տվել, սրանով մենք տեսնում ենք, որ իշխանությունը ադեկվատ չի գնահատում իրավիճակը և ընդունում է ոչ ադեկվատ որոշումներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։
Նրա խոսքով՝ կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները, առանց որոնց որևէ գործընթաց կազմակերպել հնարավոր չէ, խորը զարմանքով են վերաբերվել այն խոսակցություններին, որոնք կապված են Մակունցին դեսպան նշանակելու հետ։
«Հայկական խոշոր լոբբիստական կառույցները խորը զարմանքով են վերաբերվել Մակունցի նշանակմանը։ Կարծում եմ՝ այդ խորը զարմանքն ամենալավ գնահատականն է այդ ասեկոսեներին»,- շեշտեց Արման Աբովյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում