Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» հարվածներ չի հասցվել, ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. Միհրան Հակոբյան

«Բոլոր մասնագետները՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով խոսում են այն մասին, որ Շուշին չի ընկել, Շուշին հանձնվել է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ հավելելով, որ օրն էլ պատահական չի եղել:

«Նոյեմբերի 9-ին հայտարարվեց այդ մասին, որովհետև ադրբեջանցիների համար դա շատ կարևոր էր: Ընդհանրապես պետք է հասկանալ, որ Շուշին ոչ միայն դրոշի տեսանկյունից է իրենց համար հետաքրքիր, կամ կապրիզից ելնելով,  կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է եղել, այլ գլխավորը աշխարհաքաղաքականությունն է և գեոստրատեգիաները: Շուշին ադրբեջանցիների, թուրքերի համար հետաքրքիր է եղել՝ սկսած 19-րդ դարի կեսերից, երբ Փանահ խանը եկավ Շուշի՝ հասկանալով դրա ստրատեգիական նշանակությունը: Եվ ուղիղ 100 տարի առաջ, երբ Շուշին հայաթափվում էր, երբ հայերի ցեղասպանությունն էր կազմակերպվում, նույն թուրք զինվորների աջակցությամբ և խորհրդատվությամբ էր արվում, որովհետև թուրքերը, ինչպես 100 տարի առաջ հասկանում էին Շուշիի նշանակությունը կովկասյան գեոստրատեգիայում, այնպես էլ հասկանում են այսօր, ու դրա համար նրանց հիմնական ուղղությունը Շուշին էր»,- նշեց նա:

Միհրան Հակոբյանն ասաց՝ հիմա կարո՞ղ են հարց տալ՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» հարվածներ չի հասցվել ադրբեջանական կառավարման կենտրոններին, կամուրջներին, ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել, այլ խոցվել է միայն Շուշին: «Ըստ էության, շատ տրամաբանական է Կուրղինյանի հայտարարությունը, որ տեղի է ունեցել դավաճանություն, հայկական ուժերին «Իսկանդերով» հարվածելու պատրվակի ներքո Շուշիից դուրս հանել են տվել, որպեսզի Շուշին հանձնեն Ադրբեջանին, և դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ: Երբ քննիչ հանձնաժողով կստեղծվի և պատերազմի հետ կապված բոլոր առեղծվածները կբացահայտվեն՝ հստակորեն պետական, ազգային  դավաճանությունը ջրի երես է դուրս գալու: Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են այս  դավաճանությանը՝ Փաշինյանի, նրա ընտանիքի գլխավորությամբ, կանգնելու են դատարանի առջև»,- նկատեց քաղաքական գործիչը:

Միհրան Հակոբյանը նշեց. «Փաշինյանը Շուշին ծախել է, հանձնել է,  իսկ հիմա արդարանում է՝ ասելով, թե դժգույն քաղաք էր, հետո թե՝ ադրբեջանական քաղաք էր: Որպեսզի հասկանանք, թե որն է Շուշիի նշանակությունը, պետք է հասկանանք, թե ինչու էր 1992թ. մայիսի 8-ի դրությամբ ադրբեջանաբնակ: 1920թ., երբ թուրք զինվորականների հետ այն հայաթափում էին, գիտե՞ք, թե ովքեր էին՝ Խալիլ և Նուրի փաշաները: Խալիլը Էնվեր փաշայի հորեղբայրն էր, Նուրի փաշան՝ Էնվերի եղբայրը: Օսմանյան կայսրության բարձրաստիճան զինվորականներ էին: Ադրբեջանը խորհրդայնացավ 1920թ. ապրիլին. Կարմիր բանակը մտավ Ադրբեջան ու արագ երկիրը խորհրդայնացվեց: Ադրբեջանական բանակն այդ ժամանակ Շուշիի մոտակայքում էր՝ թուրք զինվորականների գլխավորությամբ: թուրքերը Ադրբեջանի մուսաֆաթական կառավարությանը բացատրել էին, որ աշխարհաքաղաքական զարգացումներին դիմակայելը անհնար է, ավելի լավ՝ ռեսուրսը տարեք Ղարաբաղ, հայաթափեք, Շուշիի հարցը լուծեք ու վերջնական որոշումների ժամանակ ավելի բարենպաստ պայմաններ կունենաք: Ինչո՞ւ էին ուզում Շուշին, որովհետև այն Արցախի սիրտն է, բանալին»:

Բանախոսը հիշեցրեց՝ Դուբայում հանդիպում է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների միջև, և ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում, այս անգամ էլ ադրբեջանցիներն Ալիևի անունից 5 միլիարդն առաջարկել են Նիկոլ Փաշինյանին:

«Նիկոլ Փաշինյանն ինչ է պատասխանել: Ես հիմա իրավունք ունեմ ենթադրելու, որ ստեղծված իրավիճակը, պատերազմի այս խայտառակ, ողբերգական հետևանքները կապված են այդ 5 միլիարդի հետ: Թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը՝ մենք այդ փաստը ունենք, իսկ թե ինչ պատասխան է տվել Նիկոլ Փաշինյանը՝ դրա մասին խոսք չկա: Այս ենթադրություններն օդում կախված այնքան են մնալու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված է, քանի դեռ իր դավաճան հանցագործների բանդան դատարանում ցուցմունք չի տալիս, և հետաքննություն չկա»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս