«Տպավորություն է, որ Փաշինյանը պարզապես ուզում է ապահով տեղաբաշխել յուրայիներին՝ հասկանալով, որ գալու է պատասխանատվության պահը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արդեն հաստատել է, որ քննարկում են իրեն ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը:
Այսօր խորհրդարանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամ Նաիրա Զորաբյանը, անդրադառնալով Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին հարցին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները՝ նախկին իշխանութան կողմից դեսպաններ նշանակելու վերաբերյալ:
«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բազմաթիվ անգամներ բողոքում էր, որ դեսպանները նախկինում նշանակվում էին ծանոթ-բարեկամներով, իսկ երբ դարձավ վարչապետ՝ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դառնան դեսպաններ: Սակայն հիմա ամենակարևոր երկրներից մեկում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկում, դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ անգլերեն, եթե նա թրեյնինգ է արել Նիկոլ Փաշինյանի անգլերենը, ենթադրում եմ, որ լավ անգլերեն գիտի: Սա աղետ է, մենք այսօր, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում ենք ուղիղ հակառակն այն ամենի, ինչը տարիներ շարունակ քարոզում էր»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա չցանկացավ խոսել այն հետևանքների մասին, ինչը կարող է ունենալ Հայաստանն այս ամենի հետևանքով, քանի որ արդեն կա կազմաքանդված պետություն, և յուրաքանչյուր նման որոշումը հարված է պետականությանը:
«Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ուզում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիներին, որովհետև շատ լավ հասկանում է, որ, եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է քաղաքական և քրեական պատասխանատվության ժամանակը, և յուրայիներին տանում է ապահով վայր: Եթե իշխանափոխություն լինի, անշուշտ, այդ կադրերը կրելու են պատասխանատվություն, բայց նրանք կարող են մնալ տվյալ երկրում և չվերադառնալ Հայաստան: Կարծում եմ՝ այս ամենն արվում է հենց դրա համար»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի հետ զրույցում