Բաժիններ՝

Մահացել է Ստեփան Նալբանդյանը

62 տարեկան հասակում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ստեփան Նալբանդյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 4-ին: Սովորել և ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (նախկինում Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը:

1988 թ. երկրաշարժից հետո «Երկիր և մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահն էր և այդ կազմակերպության միջոցներով իրականացրել է ՀՀ տարածքում գտնվող մի շարք հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ:

Ստեփան Նալբանդյանը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պատմության ու մշակույթի մի շարք անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծերի հեղինակ է, «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» համանախագահ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ: ՀՀ և այլ պետությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի:

Ստեփան Նալբանդյանը նաև ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ էր: Նրա ավանդը մեծ է հայ ճարտարապետության զարգացման և հանրահռչակման գործում:

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի ճարտարապետի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս