«Իմ քայլը» խմբակցությունն ընտրություններին ստացել է մեկ մանդատ․ Արման Բոշյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը դեպրեսիայի մեջ էր, և ոմանք կանխատեսում էին, որ նա խմբակցությունը լքողների ցուցակում է, և Սոֆյայից հետո հաջորդն ինքն է լինելու, բայց շատ արագ մարեցին այդ խոսակցությունները, մանավանդ՝ Բոշյանի կինն էլ աշխատանք ստացավ: Արման Բոշյանը երեկ մեզ հետ զրույցում կրկին հերքեց, որ նման մտադրություն է ունեցել: «Լուրերը անհիմն էին, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ես շարունակում եմ իմ գործունեությունն Ազգային ժողովում՝ «Իմ քայլը» ֆրակցիայի կազմում»,- ասաց նա:
-Իսկ ինչո՞ւ հենց Ձեր մասով գրվեց, որ հաջորդը Դուք եք լքելու:
-Չեմ կարող ինչ-որ ձևով մեկնաբանել, որովհետև, ինչպես քիչ առաջ ասացի, տեղեկությունը բացարձակ կապ չունի իրականության հետ:
-Գուցե ներքին քննարկումներում արտահայտվել եք, որ դեմ եք ձեր թիմի վարած քաղաքականությանը ու դրանից են եզրակացրել, որ հնարավոր է՝ դուրս գաք խմբակցությունից։
-Խմբակցությունում քննարկումներ կան, խմբակցությունում միշտ կա բանավեճ, բայց խմբակցությունը մի մարմին է, խմբակցությունն ունի մեկ մանդատ, և խմբակցությունը շարունակում է իր աշխատանքը, ես էլ այդ խմբակցության կազմում եմ շարունակում իմ աշխատանքը:
-Ձեզ գոհացնո՞ւմ է ձեր թիմի կատարած աշխատանքը, վարած քաղաքականությունը հատկապես հետպատերազմյան շրջանում:
-Ես կարծում եմ, որ երկիրը դժվար իրավիճակում է, և մենք պարտավոր ենք ավելի արագ և արդյունավետ աշխատելու։ Դա ցանկացած քաղաքական թիմի համար պետք է առաջնահերթություն լինի:
-Ի դեպ, մամուլում գրվեց, որ Ձեր կնոջը պաշտոն են առաջարկել, դրա համար եք մտափոխվել:
-Քանի որ ես ի սկզբանե ասում եմ, որ նման բան չի եղել, այսինքն՝ դա ևս իրականությանը չի համապատասխանում:
-Նիկոլ Փաշինյանին այսօր մեղադրում են դավաճանության մեջ, վաղը Ձեզ էլ են պիտակավորելու:
-Ես էդ կատեգորիաներով ո՛չ մտածում եմ, ո՛չ էլ էդ կատեգորիաներով քննարկում եմ: Էդ բառամթերքը և էդ ոճի քննարկումներն ինձ համար չեն:
-Լավ, իսկ Ձեր մյուս գործընկերների դուրս գալն ինչպե՞ս եք գնահատում, 5 հոգի լքել է խմբակցությունը:
-Ես դրան ունեմ մեկ պատասխան. «Իմ քայլը» խմբակցությունն ընտրությունների ընթացքում ստացել է մեկ մանդատ՝ մեկ օրակարգով, մեկ առաջնահերթությամբ:
-Եվ այդ մեկ մանդատով 88 հոգի անցել է խորհրդարա՞ն:
-Դա քաղաքական ձևակերպումն է՝ մեկ մանդատը, ՀՀ քաղաքացիներն «Իմ քայլը» ֆրակցիային տվել են մեկ մանդատ՝ այդ խնդիրը լուծելու համար:
-Ձեր կուսակցության խոսնակը ձեզ համեմատում է ուսապարկերի հետ, ասում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի ուսապարկը մասնակցեր ընտրություններին, ավելի շատ ձայն կհավաքեր, այսինքն, կոպիտ ասած, «այդքան չկայիք, որ ձեր ուժերով գնայիք խորհրդարան»:
-Ես նման ձևակերպումների հետ, իհարկե, չեմ կարող համաձայնել և կարող եմ ասել, որ քաղաքականության հետ բառամթերքը և ձևակերպումները շատ ավելի կարևոր են:
-Ո՞ր ձևակերպման հետ համաձայն չեք, ուսապարկի՞:
– Ընդհանրապես, նման ձևակերպումներով հանդես գալը, նման ձևակերպումները շրջանառելը, իմ կարծիքով, էթիկապես և քաղաքականապես ճիշտ չէ»: