Ընդդիմության ձևաչափը պետք է փոխվի, և այն պետք է ղեկավարեն Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը. Դավիթ Շահնազարյան
Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունն իր ելույթներում շարունակ դիմում Փաշինյանին՝ մեկին, որը չկա, ի պաշտոնե գոյություն չունի:
Դ. Շահնազարյանի համոզմամբ՝ ընդդիմության պայքարի ներկա գործընթացը շարժում չէ. դա քարոզարշավ է: Այս գործընթացը շարժում դարձնելու համար այս գործընթացի կառավարումն էապես պետք է փոխվի: Նոր ձևաչափեր են պետք:
«Իմ համոզմամբ՝ ձևաչափը պետք է հիմնված լինի և հրապարակայնորեն հայտարարվի, որ այս գործընթացը ղեկավարում են Հայաստանի առաջին վարչապետը, ՀՀ երկրորդ նախագահը և ՀՀ երրորդ նախագահը, այսինքն՝ Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Սա իմ համոզմունքն է, որովհետև այս անարդյունավետ, խիստ կուսակցականացված կառավարմամբ՝ սա շարժում չի դառնա, և Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր՝ մեր պետության համար կործանարար արտահերթ ընտրությունները»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ մինչև հիմա ընդդիմությունն առաջնորդվում է իշխանության թելադրած օրակարգով, և եթե ղեկավարումը նույնը մնա, այսպես էլ շարունակվելու է:
«Եվ նորից եմ ասում՝ կարգախոսը հետևյալն է լինելու: Պարզ է, որ օր առաջ այս իշխանություններից պետք է ազատվել, ու նրանք բոլորը պետք է դատվեն: Հայաստանը լցված է օտարերկրյա գործակալներով: Սա գործակալական ցանց է: Այդ գործակալները կառավարությունում են, Ազգային ժողովում, հասարակական կազմակերպություններում և ընդդիմությունում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ ցավոք, ներկայիս ընդդիմության ուժերի մեծ մասը հաճույքով կգնան, կմասնակցեն արտահերթ ընտրություններին:
«Մենք մի վիճակում ենք, երբ բառիս բուն իմաստով պետություն ենք կորցնում, և թե ինչ է կատարվելու, մոտավորապես ուրվագծեցի: Եվ մենք մի բան պիտի հասկանանք. Ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական պայքար կամ սահմանադրական գործընթաց: Այսօր ես այս Խորհրդարանը համարում եմ ոչ լեգիտիմ: Դա քաղաքական մարմին չէ, իրականում կազմված է գործակալներից, կրիատուրայից, որն այնքան էլ ագենտուրա չէ, և կոլոբորոցիոնիստներից: Մի փոքրաթիվ մաս կա, որը ոչինչ չի որոշում: Այս հարցի լուծումը Խորհրդարանով չի լինելու: Ուրեմն այս հարցի իրավական լուծում չի լինելու, և դա չպետք է կանգնեցնի: Մենք պետություն ենք կորցնում և պետք է հիշենք, որ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, ու պետությունը կործանելով՝ պետք է փրկենք Սահմանադրությունը, այլ Սահմանադրությունն է պետության համար, և Սահմանադրությունն էլ չպետք է խոչընդոտ լինի պետությունը փրկելու համար»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
Դիտարկմանը, թե հակասահմանադրական ճանապա՞րհը նկատի ունի, նա ասաց՝ բոլոր մեթոդներով մենք սա պետք է իրականացնենք:
Մանրամասները՝ տեսանյութում