Հունգարիան Եվրամիությունում առաջինը հավանություն տվեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը
Հունգարիայի դեղաբանության եւ սննդի ազգային ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:
Այսպիսով, Հունգարիան Եվրամիության առաջին պետությունն է դարձել, որը պաշտոնապես թույլատրել է ռուսաստանյան պատրաստուկի կիրառումը: Գրանցումն անցել է արագացված ընթացակարգով (emergency use authorization)՝ Ռուսաստանում կլինիկական հետազոտությունների արդյունքների եւ հունգարացի փորձագետների կողմից «Սպուտնիկ V»-ի համակողմանի գնահատման հիման վրա: Դրա առաջին նմուշը Հունգարիան ստացել է նոյեմբերի վերջին: Համանման ընթացակարգով` այդ պատվաստանյութին հավանություն են տվել Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բոլիվիայի, Սերբիայի, Ալժիրի, Պաղեստինի, Վենեսուելայի, Պարագվայի եւ Թուրքմենստանի իշխանությունները: Այն նաեւ գրանցվել է Բելառուսում:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է «Սպուտնիկ V»-ի՝ COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատրաստուկի օգտագործումը, որը մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: ՌՈւՆՀ-ն հայտնել է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ եւ բջիջների իմունային պատասխան է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնք ստացել են «Սպուտնիկ V»-ի պատվաստում, 1,4-1,5 անգամ գերազանցել է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: