Միտում կար՝ թե՛ Խաչատուրովին վարկաբեկելու, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հայկական բանակը, թե՛ Հայաստանի անվտանգությունը. Յուրի Խաչատուրովի փաստաբան

Ինչպես 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր «Յուրի Խաչատուրովն՝ ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատարանը որոշում է կայացրել. Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի:

Դատարանը որոշել է․ «Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին»։

«2018 թ. հուլիս ամսի վերջին «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այնպիսի հայտարարություններ արեց Յուրի Խաչատուրովի վերաբերյալ, որոնք ըստ էության իրենց մեջ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն հանցակազմի տարրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը:

Անահիտ Սարգսյանը հիշեցրեց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները Քառօրյա պատերազմի մասին էին, և քաղաքագետը ոչ միայն պնդել էր, թե հողերը վաճառվել էին, այլև առաջարկել էր ստուգել Յուրի Խաչատուրովի և նրա հարազատների հաշիվները, ապա նաև հայտարարել, թե պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովը տեղում չի եղել՝ իբր բիլյարդ խաղալուց է եղել:

«Ամենահետաքրքիրն այն է, որի ինքն այնքան հիմնավոր էր դա ներկայացնում, որ ասում էր՝ բառացի եմ ցիտում՝ մենք դուռակ չենք, իդիոտ չենք, մենք գիտենք, որ հողերը հենց այնպես չեն տրվում, հողերը տրված էին  դեռևս մինչև պատերազմը:

Մենք մտանք դատարան անմիջապես հայտարարությունններից հետո. Յուրի Խաչատուրովը դիմեց՝ ընդդեմ Ստեփան Գրիգորյանի զրպարտության հայցով,  և ավելի քանի տարի 2.5 տարի տևեց դատավարությունը:

Ամսի 14-ին մենք ունեցանք վճիռ, և դատարանը վճռեց, որ դա զրպարտություն է՝ պարտավորեցնելով  Ստեփան  Գրիգորյանին հերքել իր կողմից հրապարակված այդ տվյալները, տեղեկությունները՝ նույն ընթացակարգով: Այսինքն՝ ասի, որ՝ ես սուտ եմ ասել, այդպիսի բան չկար, ես ստել եմ»:

Ստեփան Գրիգորյանը ներկայանո՞ւմ էր դատարան՝ հարցին ի պատասխան՝ Յուրի Խաչատուրովի փաստաբանը նշեց, որ իր փաստաբաններն էին ներկայանում՝ ներկայացնելով հիմնավորումներ, որոնք անհիմն էին.

«Ամեն դեպքում,  դատարանում նրանք ներկայացրին բազմաթիվ փաստաթղթեր՝ իբր հիմնավորումներ, որոնցից ոչ մեկը որևէ առնչություն չուներ այդ հայտարարություններին և որևէ կերպ նույնիսկ փոքր-ինչ չհիմնավորվեց»:

Անահիտ Սարգսյանը, անդրադառնալով դատարանի կողմից դրամական փոխհատուցումը մերժելու որոշմանը, նկատեց. «Կարծում եմ, որ կբողոքարկենք»:

Հարցին՝ արդյո՞ք Յուրի Խաչատուրովը քաղաքական միտում տեսել է նման հայտարարություններում, գուցե ուղղված ՀԱՊԿ-ին, գեներալիտետին և հենց անձամբ իրեն, Յուրի Խաչատուրովի փաստաբանը պատասխանեց. «Այո՛, և հենց այդ հիմքով և դրա համար մտավ դատարան Յուրի Խաչատուրովը: Այսինքն՝ այստեղ ոչ թե այնքան Յուրի Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցն էր, այլ ընդհանուր այդ միտումը հերքելու խնդիր կար:

Այդ հայտարարությունները, մենք տեսնում ենք, որ տարիների շարունակ՝ 2016 թ Ապրիլյան պատերազմից հետո, փորձեցին լուրեր շրջանառել, որ հողերը վաճառվել էին, և 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո դա առավել ակտիվացավ:  Կարծում եմ,  2018 թվականի ապրիլից հետո ստեղծվեց անպատասխանատվության մթնոլորտ այդ առումով՝ ով ինչ ուզում՝ ասում էր նախկինների վերաբերյալ, և թվում էր, թե իրենք պատասխանատվության չեն ենթարկվի:

Այո՛, կար միտում՝ թե՛ Խաչատուրովին վարկաբեկելու, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր,  թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հայկական բանակը, թե՛ Հայաստանի անվտանգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս