«Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու»․ Մալաշենկո
«Ռուսաստանը խելացի քաղաքականություն է վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար տնային աշխատանքի հնարավորություն տալով, քանի որ այդպես Ռուսաստանը փոքրացնում է իր հակասությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ Արևմտյան համանախագահների հետ, միևնույն ժամանակ հասկանալով, որ Ադրբեջանը նախընտրում է ներկայումս առկա եռակողմ ձևաչափը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի Արցախյան հատվածին։ Ուստի, Մալաշենկոյի խոսքով, կարգավիճակի հարցը կլուծվի այս կամ այն ձևաչափի շրջանակում։
«Չէ՞ որ այս պահին նշվում է, որ ակտուալ այլ հարցեր կան, իսկ առաջիկա մի քանի տարիների ընթացքում շատ տարբեր զարգացումներ կարող են լինել, որոնք կանխատեսելի չեն, բայց այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու։ Հետո բարդ է ասել, թե ինչ կլինի։ Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ձեռնտու է Ռուսաստանին, Ռուսաստանը տարածաշրջանում նոր դիրքեր է հաստատում և փորձում նորովի դիրքավորվել։ Ողջ ռեսուրսն ու ուշադրությունն այդ ուղղությամբ է, և դրա կարևորագույն բաղադրիչը հաղորդակցությունն է, քանի որ խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը Ղարաբաղում նման անհրաժեշտություն է առաջացնում։ Բնականաբար, կապերը խորանում են, և փակ ճանապարհները խոչընդոտում են շարժունակության ապահովմանը»,- ասել է Մալաշենկոն։
Նրա խոսքով՝ ուշագրավ և կարևոր էր Լավրովի արձագանքը՝ Ղարաբաղը ՌԴ-ին միացնելու տեսակետների վերաբերյալ՝ հերքելով այդ կանխատեսումները։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ»-ի այսօրվա համարում: