Բաժիններ՝

Վախենում եմ՝ բժիշկը դեղեր նշանակի, ու չկարողանամ գնել. 34-ամյա Վարդուհին օգնության կարիք ունի

34-ամյա Վարդուհի Խաչատրյանը, ով 3 անչափահաս երեխաների հետ վարձով բնակվում է Աշտարակի Նազրվան գյուղում, անորոշ վիճակում է. ո՛չ աշխատանք ունի, ո՛չ էլ կարողանում է օրվա հոգսերը հոգալ:

«Շատ տեղեր եմ աշխատել, «Սանիտեք»-ից սկսած: Խանութներում հավաքարար եմ աշխատել, գոմում և այլն: Հիմա չունեմ աշխատանք, անորոշ վիճակ է: Տան վարձը, որն ամեն ամսվա համար կազմում է 40.000 դրամ, 2 ամիս է՝ չեմ վճարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհին:

Որպես միայնակ մայր՝  նա նպաստ չի ստանում, հստակ բնակության վայր չունի:

«Դիմել եմ գյուղապետարան, որպեսզի գրանցվեմ այստեղ: Նախքան սա, Կոտայքի մարզի Արտամետ գյուղում էի վարձով մնում, այնտեղ եմ փաստացի գրանցված, բայց գումար չունեմ՝ անընդհատ գնամ-գամ, որ հարցերը լուծեմ: Ունեմ նաև առողջական խնդիր: Գլխիս ուռուցք կա, դրսից է երևում, դեռ չեմ դիմել բժշկի, այսպես ասած՝ առողջությունս ինձ համար արդեն հետաքրքիր չէ, ուզում եմ մի տեղ լինի՝ գնամ, աշխատեմ, որ երեխաներիս համար հացի փող ունենամ: Վախենում եմ՝ բժիշկը դեղեր նշանակի, ու չկարողանամ գնել»,- նշեց նա:

Վարդուհու փոխանցմամբ՝ մեծ աղջիկը՝ 14, միջնեկը՝ 10,  տղան՝ 4 տարեկան է:

«Տղաս մանկապարտեզ չի գնում, 5 տարեկանից են տանում այստեղ, քոլեջի նման տեղ է: Որ գոնե մանկապարտեզ տանեի, կաշխատեի  խանութում, կամ գոմում: Խանութին էլ 8000 դրամ եմ պարտք, չեմ կարողանում էլ ոչ մի բան վերցնել, ծայրահեղ վիճակ է»,- եզրափակեց նա:

Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 098208688:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս