«Սա ոչնչացման կոնկրետ քայլ է, 2,5  տարի ունեինք, պետք է մտածեինք, թե ո՞ւմ 18 տարեկան երեխաներով պետք է պատերազմենք, և սեպտեմբերի 27-ին պատերազմն ուղղակի չպետք է լիներ». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն օրերս իր հարցազրույցներից մեկում հետևյալ միտքն էր արտահայտել, թե վնասակար ու հետադիմական է համարում այն մոտեցումներն ու կարծիքները, թե Հայաստանը պետք է հզորանա և պատերազմով հետ բերի Արցախի կորցրած տարածքները: Ըստ նրա՝ պետք է քաղաքականությամբ այդ տարածքները հետ բերել:

168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով այդ հայտարարությանը, նկատեց՝ չգիտի, թե ինչպես գնահատի, քանի որ խիստ է մոտենում նմանատիպ հայտարարությունների:

«Պատմությունն է փաստում, որ քաղաքականությամբ որևէ բան պահել կամ հետ  բերել չես կարող: Ավելի խելացի թող չերևան, ժամանակին մենք ունեինք քաղաքական գործիչներ, ովքեր փորձում էին պահել ու պահպանել այդ ամենը, և այն, ինչ նրանք կարողացան պահել իրենց բռունցքի ուժով, այսօր մենք ոչ միայն չենք կարող պահել, այլև նրանց գործադրած ջանքերը համարում ենք հետադիմական: Թող լինի հետադիմական, բայց այս ազգի միջից երբեք չկոտրեն ոգին, թող լինենք հետադիմական, բայց որևէ կերպ կեղծ օրակարգեր լցնելով մարդկանց առօրյան՝ մեր տղաներին չդարձնեն ոչինչ: Սա ոչնչացման կոնկրետ քայլ է և եթե այսպիսի մոտեցում են ցուցաբերում, ապա մենք 2,5  տարի ունեինք, որ պետք է մտածեինք, թե ո՞ւմ 18 տարեկան երեխաներով պետք է պատերազմենք, և սեպտեմբերի 27-ին պատերազմն ուղղակի չպետք է լիներ: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե արդյոք հենց հիմա պետք է կանգնեցնենք պատերազմը, թե ոչ, նույն Լենա Նազարյանը պետք է կանգներ և որպես առաջադեմ տիկին՝ ասեր, որ հենց հիմա պետք է կանգնեցնեն պատերազմը, որովհետև որևէ մեկի 18 տարեկան երեխան չպետք է պատերազմի: Բայց նա նման բան չարեց, գուցե այդ մոտեցումն ինքն ունի, բայց ինքն էլ է հասկանում, որ այդ մոտեցմամբ որևէ տեղ հաղթանակ չի կարող տոնել»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ որևէ մեկը չի երազում պատերազմով որևէ բան հետ բերել, սակայն աշխարհի թելադրանքն է՝ որքան ուժեղ ես, այնքան հաղթող ես: Ավելին՝ խաղաղությունը պետք է պարտադրել, իսկ Հայաստանը տարիներով ո՛չ պարտադրել է, ո՛չ ճնշել է խաղաղություն, և արդյունքում՝ ունի այն, ինչ ունի:

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ երկրորդ փաստաթղթին, ըստ որի՝ ապաշրջափակվում են ճանապարհները, և դրա հետևանքով առաջացող ռիսկերին, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ ամբողջ դեկտեմբեր ամսին որոշակի պարբերությամբ եղել է Արցախում և լսել, որ այս կամ այն գյուղից կրկին գերի են տարել ադրբեջանցիները:

«Չեմ հասկանում, թե մեր բնակիչներից շատերն ինչպես են մտածում: Հաճախ եմ այցելում մարզեր, և ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ կարող են մտածել, որ՝ դե ի՞նչ կա, գնան-կգան, առևտուր կանեն, այդպես են ասում, քանի որ այդ ճանապարհն իրենց չի վերաբերում: Չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում՝ գնալ-գալ, առևտուր անել, չեն պատկերացնում, թե ինչպես տեղի ունեցավ 1915 թվականը: Իրենք իրենց պապերից ալարել են լսել, թե ինչպես թուրքը գնալ-գալով, առևտուր անելով՝ տարածվեց ամբողջ Արևմտյան Հայաստանով և վերջում էլ կոտորեց: Իրենք նախապատրաստում են մի նոր Եղեռն, բայց թույլ չենք տալու, պետք է պայքարել: Հեռու մնալ ազգային արժեքներից և մոռանալ, թե ում հետ գործ ունեն՝ ուղղակի անհեթեթություն է»,- շեշտեց Սոֆյա Հովսեփյանը:

Նա նաև ընդգծեց, որ այս ամենը ոչ թե երկրի, այլ ազգի կործանման սկիզբն է, եթե սկսում են խոսել այն մասին, որ հայի 18 տարեկան տղան այլևս չպետք է կռվի, կամ այլևս պատերազմներ չպետք է լինեն:

Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանության քայլերին և հարցին՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար արդյո՞ք իշխանությունը կատարում է համարժեք քայլեր, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործողություններն ապակառուցողական է  գնահատում:

«Որևէ մեկը չի մտածում թոթափելու խնդիրները և  ազգն անընդհատ սգի մեջ չպահելու համար քայլեր ձեռնարկել: Գրեթե ոչինչ չի արվում, որ մենք անընդհատ ճգնաժամը չխորացնենք»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս