Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց․ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վաղը՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Շիրակի նոր մարզպետին: Թե ինչու պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բացահայտ չի ասվում: Սակայն, մեր տեղեկություններով, հիմնական պատճառը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 60-ից ավելի շիրակցիներն են, որոնց հարազատներն օրուարև չեն տվել մարզպետին՝ պահանջելով հետ բերել իրենց հարազատներին: Իսկ Ալիևը հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելուց հետո գերի ընկածները դիվերսանտներ են, ոչ թե ռազմագերիներ: Եվ սա մարզպետի լուծելիք հարցը չէ, այլ երկրի ղեկավա­րության: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Մոսկվայում կարողացավ այս հարցն առաջ տանել, ո՛չ էլ դրանից հետո է կա­րողանում քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում: Լուրեր կան, որ առաջարկ է արվել Մարտուն Գրիգորյանին, Նազելի Բաղդասարյա­նին։ Երկուսն էլ հրաժարվել են: Մենք արդեն գրել ենք, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել առողջապա­հության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի վրա, ով ծնունդով Շիրակի մարզից է, կառա­վարության առաջիկա նիստում նա կներկայացվի հանրությանը: Նա 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրի­գոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղա­կալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից:

Այն ժամանակ մա­մուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել և ազատվել, որպեսզի իր անունն էլ չշո­շափվի: «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատեց իրեն արված առաջարկի մասին լուրե­րը՝ ասելով, որ իրեն ավելի օգտակար է համարում և ճիշտ է գտնում օրենսդիր մարմնում մնալը»։

Տեսանյութեր

Լրահոս