Բացահայտվել են Կոտայքի մարզում կատարված բնակարանային գողությունների դեպքերը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ բնակարանային գողությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«2020թ. դեկտեմբերի 8-ից՝ ժամը 16:30-ից, մինչև դեկտեմբերի 9-ը՝ ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բնակարանի մուտքի դուռը հրել-բացելու եղանակով, առերևույթ ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Արզնի գյուղի առանձնատներից մեկը և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝ տանտիրոջը պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով:
Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է նույն գյուղի բնակիչ, նախկինում նույնատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտված, 1996թ. ծնված երիտասարդ: Վերջինս ձերբակալվել է՝ գողություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել, որի ընթացքում նաև խոստովանել է իր կողմից այլ բնակարաններից կատարված ևս 4 գաղտնի հափշտակությունները՝ ներկայացնելով մի շարք կարևոր հանգամանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ գողոնը և տուժած քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: