Ո՞վ է ամենաակտիվ ավագանու անդամը, ամենապասիվ քաղաքապետը և ամենաբարձր գնահատված վարչական շրջանի ղեկավարը. հարցումներ
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության շրջանակներում Երևան քաղաքի բնակիչները գնահատել են քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը՝ 1-5 բալանոց սանդղակով:
«Մենք ունենք բոլոր համայնքների ղեկավարների ցուցանիշները. ամենաբարձր գնահատականը ստացել են Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները՝ 4 բալ, և ամենացածրը՝ Քանաքեռ-Զեյթուն՝ 3.2 բալ, և Աջափնյակ ու Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները՝ 3.4 բալ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստացել է 2.9 բալ»,- նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Քաղաքացիները գնահատել են նաև Երևանի քաղաքապետի գործունեությունը ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ըստ այդմ՝ լիովին դրական գնահատել է հարցվածների 16.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 12.9 տոկոսը, ավելի շուտ բացասական գնահատել է 15.3 տոկոսը, և 19.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական: Մոտ 35 տոկոսը բացասական տիրույթում է: Այս հարցին դժվարացել է պատասխանել 35.4 տոկոսը:
«Ես կարծում եմ՝ սա բացատրելի է, որովհետև այդ ժամանակաշրջանում շատ դժվար էր տեսնել և հասկանալ՝ ինչով էր զբաղված մեր մայրաքաղաքի քաղաքապետը»,- ի լրումն՝ նկատեց Արամ Նավասարդյանը:
«Արդյո՞ք անհրաժեշտ են Երևանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ» հարցի պատասխանն էլ հետևյալ պատկերն ունի՝ միանշանակ այո՝ 21.8 տոկոս, ավելի շուտ այո՝ 19.3 տոկոս, ավելի շուտ ոչ՝ նշել է 15.6 տոկոսը, և միանշանակ ոչ՝ 30.5 տոկոսը: Դժվարացել է պատասխանել հարցվածների 12.9 տոկոսը:
Իսկ թե ով է Երևանի քաղաքապետարանի ամենաակտիվ գործունեություն ծավալող ավագանին հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 83.3 տոկոսը, 9.4 տոկոսը նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Դավիթ Խաժակյանի անունը, 3.1 տոկոսը՝ վերջերս անկուսակցական դարձած Թեհմինա Վարդանյանի, և 1.9 տոկոսը՝ «Իմ քայլը» խմբակցությունից Լևոն Զաքարյանի անունները, 1.8 տոկոսը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Իզաբելլա Աբգարյանի անունը:
Ի դեպ, ասուլիսին ներկա էր Դավիթ Խաժակյանը, ով անդրադառնալով հարցման ընդհանուր պատկերին՝ նշեց․
«Ամենախոսուն ցուցանիշը հենց սա է, այսինքն՝ բոլոր վարչական շրջանների ղեկավարների գնահատականին զուգահեռ՝ քաղաքապետի գործունեության գնահատականն ամենավատն է, և քաղաքացիները՝ որպես մայրաքաղաքի երկրորդ խնդիր, նշում են այն խնդիրը, որը Մարությանը համարում է՝ որպես իր առաջնային ձեռքբերում՝ աղբահանությունը և սանմաքրումը։ Սա նշանակում է, որ այն խնդիրները, որոնք Մարությանը համարում է, որ լուծել է, դրանք քաղաքացիների համար լուծված չեն: