«Միանշանակ Տարոն Մարգարյանը մի քանի անգամ ավելի շատ շփումներ էր ունենում քաղաքացիների հետ, քան Հայկ Մարությանը». Արամ Նավասարդյան
«Փնտրվում է» քաղաքապետ՝ սա նոր ֆիլմի անուն չէ. «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից իրականացված հետազոտության անվանումն է: Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության արդյունքները, անդրադարձավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը:
Հանդիպման սկզբում նա նկատեց, որ ներկայացված հետազոտությունն անվանել է «Փնտրվում է», իսկ թե ինչու՝ մեկնաբանեց. «Ամենակարևոր, ամենադժվարին պահերին՝ և՛ կորոնավիրուսի համաճարակի, և՛ պատերազմական իրավիճակի հետ կապված, բոլոր քաղաքական գործիչները, պետական այրերը կային, չկար Երևան քաղաքի համար մեկ պատասխանատուն:
Եթե մենք համեմատում ենք անգամ այլ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հետ նրա գործելաոճը, վերցնենք՝ Մոսկվայի քաղաքապետին, կամ մեզ նման զարգացում ունեցող երկրների քաղաքապետներին, ավելի մեծ դերակատարում են ունեցել կազմակերպման աշխատանքներում, ոգևորելու, խոսք ասելու մեր քաղաքացիներին:
Ինչ ենք տեսնում մենք Հայկ Մարությանի կտրվածքով` պարոդիկ, երկու-երեք ամիսը մեկ ինչ-որ մեկ անգամ ելույթ, կամ կամազների կողքը կանգնած ելույթ, այսինքն՝ չենք պատկերացնում, թե նա ինչով է զբաղված: Միգուցե դա փորձեն բացատրել նրանով, որ ինքն ընկղմված էր աշխատանքի մեջ և առանց հանգստանալու աշխատում էր, բայց ես կարծում եմ՝ քաղաքի առաջին դեմքը պետք է ավելի պրոակտիվ շփումներ նախաձեռնի և ունենա քաղաքացիների հետ: Ես հիշում եմ՝ 2015, 2016, 2017 թվականներին այդ խնդիրը ևս բարձրացվում էր՝ ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը շատ քիչ հանդիպում մեր քաղաքացիների հետ, մեր լրագրողների հետ, բայց եթե համեմատում ենք, հետհայացք ենք գցում հիմա, թե որքանով էր շփվում Տարոն Մարգարյանը և Հայկ Մարությանը, միանշանակ, կարծում եմ, Տարոն Մարգարյանը մի քանի անգամ ավելի շատ շփումներ էր ունենում քաղաքացիների հետ, քան Հայկ Մարությանը»:
Նա հավելեց, որ սևեր-սպիտակներ դիսկուրսն էլ էր Հայկ Մարությանը մտցրել. «Ես կարծում եմ, որ ինքը հետագայում պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ մեր ազգի մեջ այդ ամենը մտցրեց, սևերի և սպիտակների այս գաղափարախոսությունը»: