Ինդոնեզիայում տարերային աղետների զոհերի թիվը հասել է 96-ի
Անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսիի եւ Հարավային Կալիմանտանի նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի եւ հեղեղումների զոհ է դարձել առնվազն 96 մարդ: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչին։
Ընդհանուր առմամբ 81 մարդ մահացել է հունվարի 14-ին եւ 15-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժի եւ 5,9 մագնիտուդով հետցնցման հետեւանքով: Հունվարի 14-ին տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումները 15 բնակիչների մահվան պատճառ են դարձել Հարավային Կալիմանատանի նահանգում, հայտարարել է գործակալության մամուլի քարտուղար Ռադիթյա Ջաթին:
Նրա խոսքով՝ նահանգի իշխանությունները շուրջ 70 հազար մարդ են տարահանել աղետի գոտուց: Արեւմտյան Սուլավեսիում երկրաշարժից ավերվել է հազարից ավելի բնակելի տուն, նահանգում փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հունվարի 15-ին տեղական ժամանակով մոտավորապես 2:28-ին (Երեւանի ժամանակով հունվարի 14-ի 22:28-ին) 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արեւմտյան Սուլավեսիում: էպիկենտրոնը գտնվել է Մաջենեի շրջանից 6 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք, օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Հունվարի 14-ին տեղական ժամանակով 14:35-ին (Երեւանի ժամանակով 10:35-ին) նույն շրջանում տեղի Է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Հունվարի 14-ից ի վեր տեղի սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել է 28 հետցնցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: