«Երբեք միակողմանի խաղաղություն չի կառուցվում՝ Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված ո՛չ որևէ գործողություն, ո՛չ որևէ հայտարարություն չկա». Տաթևիկ Հայրապետյան

Հունվարի 15-ին Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել էր հայկական պատմական Շուշի քաղաք։ Նա այնտեղից հերթական սադրիչ հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ, եթե հայերի մտքով երբևէ անցնի խոսել Շուշին ազատագրելու մասին, ապա կարժանանա Ադրբեջանի «երկաթյա բռունցքին»։

Մինչ Ալիևը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրվել էր եռակողմ երկրորդ փաստաթուղթը, ապաշրջափակվում են տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքներն ու ճանապարհները, որի արդյունքում Ադրբեջանն ուղիղ կապ է ունենալու Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով։

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ այս թեմային՝ մի կողմից՝ Ալիևի հայատյաց ու սադրիչ հայտարարություններին, մյուս կողմից էլ՝ ճանապարհների ապաշրջափակմանը։

Ըստ նրա, մատնանշված խնդիրները ՀՀ արտգործնախարարությունը հետևողականորեն բարձրաձայնում է։ ՀՀ արտգործնախարարի Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանը հանդես էր եկել հայտարարությամբ, որը ՀՀ ԱԳՆ-ի կողմից որակվեց անհեթեթ։ Այդ ամենից հետո Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ չունի լիազորություններ կամ իրավասություն՝ արգելելու  քաղաքացիների կամ պաշտոնյաների մուտքն ու ելքն Արցախ։

«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներկայացնել, որ Արցախի հարցն այլևս գոյություն չունի։ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը շեշտեց, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակում է չլուծված մնալ, և դա հետագա քննարկումների հիմք է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կարծում եմ՝ այս իրավիճակում այն, ինչ փորձում է ներկայացնել Ադրբեջանի ղեկավարությունը, և մեր հետապնդած նպատակներն ամբողջությամբ ցույց են տալիս, որ մենք շարունակում ենք առաջ քաշել մեզ համար կարևորագույն խնդիրներ, թեև Ադրբեջանն ամեն կերպ փորձում է  ներկայացնել, թե խնդիրը գոյություն չունի։ Ավելին՝ երեկ Շուշիում Ալիևի հայտարարությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը մշտապես փորձել է փոխել դեմոգրաֆիական պատկերն Արցախում՝ հնարավորություն չտալով հայերին հանդես գալ իրենց իրավունքների, մասնավորապես՝ ազատ ապրելու իրավունքների պաշտպանությամբ, ինչը նրանց չի հաջողվել»,- շեշտեց  Տաթևիկ Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է սահմաններին, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ մի քանի անգամ տարբեր կողմերից շեշտվել է, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության կողմից, որ այժմ չի ընթանում դելիմիտացիա, և դեմարկացիա, այսինքն՝ սահմանազատման գործընթաց տեղի չի ունենում, ընթանում է հենակետերի ճշգրտման գործընթաց։

«Սահմանների բուն ճշգրտումն ավելի երկարատև գործընթաց է,  որոշվում է միջգերատեսչական հանձնաժողովով և բանակցությունների միջոցով։ Ճանապարհների ապաշրջափակման մասով էլ նշեմ, որ հունվարի 11-ից հետո հրապարակված հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ որ ուղղություններով ինչ ճանապարհներ են բացվելու, շատ ընդհանրական ձևակերպումներով է նշված, որևէ մեկը չի նշել, որ այդ ճանապարհն անցնելու է Նախիջևանով կամ մեկ այլ տարածքով։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակման հնարավոր վտանգներին, իհարկե, այդ ամենը բերում է մարտահրավերներ, պետք է այդ առումով քայլեր ձեռնարկել, ինչը շատ երկարատև գործընթաց է։ Այդ հարցը բարձրաձայնել եմ գործադիրի իմ գործընկերների շրջանում՝ նշելով, որ գնահատեն ռիսկերը և անհրաժեշտության դեպքում նաև թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ այլ ոլորտներում համապատասխան քայլեր ձեռնարկեն, որպեսզի երկիրը պատրաստ լինի այդ իրավիճակին և մարտահրավերներին ճիշտ դիմակայի»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հարցազրույցում հնչեցրած այն մտքին, որ Հայաստանը պետք է փորձի երկարատև խաղաղություն ունենալ իր բոլոր հարևանների հետ, և տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա, և  մեր հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը շարունակելու հարաբերվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և առհասարակ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար ի՞նչ դերակատարում ունի Հայաստանը, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց.

«Ես իմ կարծիքը կասեմ` որպես փորձագետի. երբեք միակողմանի խաղաղություն չի կառուցվում, իսկ Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված ո՛չ որևէ գործողություն, ո՛չ որևէ հայտարարություն չկա, ընդհակառակը՝ կա սուր հռետորաբանություն և քայլեր, օրինակ՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելը հումանիտար խնդիր է։ Սա ցույց է տալիս, թե ինչ գործելաոճ է որդեգրել Ադրբեջանը և ինչ քայլեր է ձեռնարկում։ Ուստի, կարծում եմ՝ միակողմանի խաղաղություն չի լինում։

Հայկական կողմը նույնիսկ պատերազմի ժամանակ և բանակցային ամբողջ գործընթացի ժամանակ փորձել է մաքսիմալ կառուցողական դիրքորոշմամբ հանդես գալ, միշտ կողմ է արտահայտվել հարցի փոխզիջումային լուծմանը, որին պատասխան քայլեր Ադրբեջանը չի ձեռնարկել։ Հակառակը՝ հերոսացրել է քնած հային կացնահարողին, հայատյաց քաղաքականություն է վարել և պատրաստվել պատերազմի»։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր եռակողմ երկրորդ փաստաթուղթը, որով նախատեսվում է ապաշրջափակել ճանապարհները։

Տեսանյութեր

Լրահոս