«Ադրբեջանը փորձում է իրավական ատյանները հեռու պահել գերիների հարցից». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքականացնում է հայ ռազմագերիների հետ կապված հարցերը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանության մարմինները,  և դա իրենց համար ձեռնտու ուղղություն է, փորձում են հեռու պահել իրավական ատյաններն այս հարցից։ Օրինակ, նույնը կարող է վերաբերվել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և այլն։ Մենք սա չպետք է թույլ տանք, քանի որ դա քաղաքական որևէ նշանակություն չունի, իրենք ինչ-որ հղումներ են անում եռակողմ հայտարարությանը, բայց այստեղ ակնհայտ է, որ այդ հարցը որևէ քաղաքական նշանակություն չունի, չի էլ կարող ունենալ։ Ավելին՝ վատ է, որ եռակողմ համաձայնության մեջ դա չկա, նույնիսկ, եթե չկա, սա ի՞նչ կարող էր նշանակել, որ իրենք չպե՞տք է ապահովեն գերիների վերադարձը։ Պետք է ապահովել նրանց վերադարձը, և վերջ, սա է միջազգային իրավունքի պահանջը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։

Ըստ Արման Թաթոյանի, երբ Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հարուցում են քրեական գործեր, դա նույնպես միջազգային մարդասիրական կոպիտ խախտում է։ Հետևաբար՝ Ադրբեջանում իրավունք չունեն նման բան անելու։

Նա նաև ընդգծեց, որ հայ ռազմագերիների վերաբերյալ առկա բոլոր զեկույցներն ուղարկում են միջազգային կառույցներին։ Ռազմագերիների հարցով համագործակցում է նաև կառավարության տարբեր օղակների հետ։

Տեսանյութեր

Լրահոս