«Որևէ կաշկանդվածություն չունենք ներկայացնելու Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնի հարցում». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր խորհրդարանում փակ հանդիպում էր ունեցել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ քննարկելու նրա թեկնածության առաջադրման հարցը ԲԴԽ անդամի պաշտոնում։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունը խորհրդակցել է և որոշել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրել ԲԴԽ անդամի պաշտոնի համար։

Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի տարիքի, «Մատաղիսի գործի» և նրա անցած գործունեության հետ կապված կարծիքներին ու տեսակետներին, Լիլիթ Մակունցը նշեց, որ մտորումները` կապված Գ. Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև հանդիպումը նրա հետ՝ պայմանավորված է եղել նրանով, որ Ջհանգիրյանին համարում են ոլորտի պրոֆեսիոնալը, ինչն ունեցել է առաջնային դերակատարում։

«Բոլոր հարցերը՝ կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների ու դիրքորոշումների հետ, հնչել են, և խմբակցության տպավորությունն այդ առումով եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պատասխաններ։ Կարծում եմ՝ լիագումար նիստերի դահլիճում հանրությունը հնարավորություն կունենա ստանալ բոլոր պատասխանները, այդ թվում՝ «Մատաղիսի գործի» հետ կապված։ Ինչ վերաբերում է ժամկետներին, գիտեք, որ ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման համար դատավորների և իրավաբան գիտնականների պահանջները տարբեր են։ Դատավոր-թեկնածուների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան–գիտնականների համար տարիքային սահմանափակում չկա։ Պատահական չէ, որ տարիներ առաջ հենց այդ հիմքով Գագիկ Հարությունյանն  ընտրվել է դատավոր։ Մենք որևէ կաշկանդվածություն չունենք ներկայացնելու Ջհանգիրյանի թեկնածությունը»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Նա ընդգծեց, որ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցում խմբակցության որոշումը եղել է միաձայն։

Հարցին՝ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելով՝ արդյո՞ք իշխանությունն իր դիրքերը չի ամրապնդում ԲԴԽ-ում, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ տևական ժամանակ ԲԴԽ-ում կար մեկ թափուր տեղ, հետո եղավ նաև երկրորդը, հետևաբար՝ ԲԴԽ-ի դատավորի թեկնածուի չափանիշերը հրապարակային ու հանրային են, այդ չափանիշերին համապատասխանելու դեպքում խմբակցությունը կաշկանդված չի եղել առաջադրելու իր թեկնածուին, ինչը և արել է։

Նա նաև տեղեկացրեց, որ ԲԴԽ-ում երկրորդ անդամի համար  դեռ թեկնածու չունեն, միևնույն ժամանակ չբացառեց, որ հաջորդ քառօրյային կառաջադրեն նաև երկրորդ թեկնածուին։

Հաջորդ հարցին՝ վնգստացող դատավորներ դեռ կա՞ն, Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ ձևակերպումը կոռեկտ չի համարում, հետևաբար՝ չի մեկնաբանի։

Դիտարկմանը, որ նման ձևակերպում արել է Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցն ասաց, որ վարչապետն այն հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս