Մոսկվայի հայտարարությունները և բուն փաստաթուղթը վերահաստատեցին, որ թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ իր թիմը չունեն անհրաժեշտ բանակցային կարողություններ

Հունվարի 11–ին կրկին Հայաստանի վարչապետը ստորագրեց ևս մեկ միջազգային փաստաթուղթ, որը, բացի բովանդակային անորոշություններից և հակասություններից, նաև չի անցել որևէ ներպետական գործընթացով։ Ցավոք, գործող իշխանության համար այս գործելաոճը դարձել է մշտապես կիրառվող մեթոդ, որը, իհարկե, նաև հակասում է գործող օրենսդրությանը։ Ավելին, Հայաստանի վարչապետը ստորագրեց հերթական փաստաթուղթը` այդպես էլ առկախ վիճակում թողնելով առանցքային կարևորության հարց հանդիսացող գերիների վերադարձի խնդիրը։

Հունվարի 11–ի Մոսկվայի հայտարարությունները և բուն փաստաթուղթը վերահաստատեցին, որ թե’ Հայաստանի վարչապետը և թե’ իր թիմը չունեն անհրաժեշտ բանակցային կարողություններ (և ոչ միայն) ապահովելու Հայաստանի լավագույն շահը։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ է սպասվում Հայաստանին հունվարի 11-ին ստորագրված այդ փաստաթղթի կիրարկման փուլում։ Հետագա գործընթացները անդառնալի հետևանքներ են ունենալու ապագա սերունդների վրա։

Ուստի, օրհասական է, որ բանակցող թիմը և իր ղեկավարը ամբողջապես և անհապաղ փոխվեն, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանին փոփոխություններ / լրացումներ կատարելու միջոցով քաղել առավելագույնը հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունից, բայց կարևորը՝ չզոհաբերելով անվտանգությունը և լուծելով գերիների վերադարձի հարցը։

Մինչև բուն բանակցային գործընթացում ներգրավվելը, նոր թիմը կարող է ձևավորել և առաջ մղել Հայաստանի համապարփակ բանակցային հայեցակարգը և դնել բոլոր նախապայմանները, որոնց կատարումից հետո միայն պետք է սկսի հունվարի 11-ին ստորագրված հայտարարության կիրարկման գործընթացը։ Ինչ վերաբերում է երեկ ստորագրված հայտարարությանը, ապա նոր բանակցային թիմը կարճ ժամանակում պետք է թելադրի իր սեփական օրակարգը, մասնավորապես թիմը կարող է .

ա) ձևավորել երկրի տրանսպորտային քաղաքականությունը (ներառելով առևտրի դյուրացման և մրցակցության բաղադրիչները), որը պետք է համահունչ լինի Հայաստանի անվտանգության հայեցակարգին և արձագանքի նոր մարտահրավերներին,

բ) մշակել բանակցային ռազմավարությունը, որը պետք է համապատասխանի Հայաստանի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորություններին, օրինակ` Առևտրի համաշխարհային կազմակերպության, ՏՐԱՍԵԿԱ (TRACECA – Transport Corridor Europe-Caucasus-Asia), ԵԱՏՄ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այլն,

գ) նախաձեռնել հանրային ենթակառուցվածքների ներդրումային ծրագրեր (հիմքում դնելով «ծախսերի և օգուտների» վերլուծությունը) և դրանց ֆինանսավորման համար ներգրավել միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ինստիտուցիոնալ ներդրողների,

դ) ստեղծել հնարավորոթյուններ պետություն-մասնավոր գործընկերության արդյունավետ իրագործման համար՝ իհարկե, զարկ տալով տեղական ներդրումներին, որոնք պետք է ներգրավված լինել ենթակառուցվածքների ստեղծման և զարգման գործում։

Այս ամենը պահանջում է համառ աշխատանք, համապատասխան հմտություններ և փորձ, որոնք, ինչպես ցույց տվեցին վերջին տարիները, իսպառ բացակայում է գործող կառավարության մոտ։ Անխուսափելի է, պետք է ձևավորել նոր կառավարություն և բանակցային թիմ, որի առաջնային նպատակը պետք է լինի Հայաստանի շահը։

 Սարգիս Գրիգորյան

GPartners իրավաբանական գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս