Բաժիններ՝

Վաշինգտոնի քաղաքագլուխը հորդորել է Բայդենի պաշտոնակալության օրը մայրաքաղաք չայցելել

Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուզերը հարեւան Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ հորդորել է ամերիկացիներին՝ երկրի մայրաքաղաք չայցելել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության օրը, այլ դրա փոխարեն արարողությունը դիտել առցանց։

«Հունվարի քսանին լինելու է իշխանության փոխանցում, մենք միմյանց եւ մեր գործընկերների հետ դաշնային կառավարությունում համագործակցելու ենք մայրաքաղաքի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Նախագահի 59-րդ պաշտոնակալության շուրջ ստեղծված բացառիկ հանգամանքների, այդ թվում՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած խռովության եւ մահացու վտանգավոր COVID-19-ի շարունակվող համավարակի կապակցությամբ, մենք աներեւակայելի քայլեր ենք ձեռնարկում՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել Վաշինգտոն, այլ մասնակցել վիրտուալ ձեւաչափով»,-ասվում է քաղաքական գործիչների հայտարարության մեջ, որը զետեղված է ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է հաստատել Վաշինգտոնում՝ ապահովելու համար հաջորդ նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալության անվտանգությունը:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը:

Կոնգրեսի նիստը ընդհատվել է մի քանի ժամով, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս