«Եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ Մոսկվա գնար նոր անձ, ապա իրավիճակը կարող էր այլ լինել». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը համարում են, որ Արցախի խնդիրը լուծել են, իսկ հայկական կողմն էլ տեսնում է, որ այդ ամենի արդյունքում ունի ռազմագերիներ ու դիերի փոխանակման խնդիրներ։

«Արցախում հանդիպել եմ զինվորների ծնողների հետ, որոնք համարվում են անհայտ կորած, մարդիկ, օրինակ, հստակ տվյալներով ասում էին, որ տվյալներ կան, որ սառնարաններում էլ դիակներ կան, այս փոխանակման խնդիրն էլ կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա, դիվանագետները պետք է քուն ու դադար չունենան, և ռազմագերիների հարցի հետ կապված պետք է Ադրբեջանի վրա ճնշումը մեծանա։

«Դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որպեսզի այց կատարեին ու տեսնեին, թե մարդիկ ինչպես են պահվում, և դրա արդյունքում կարձանագրվեր, թե քանի հոգի են պահվում Ադրբեջանում։ Դրանից հետո Ադրբեջանը շտապ կարանտին հայտարարեց ու փակեց սահմանը, այսինքն՝ պրոցես կա, աշխատում ենք, որպեսզի այդ բանտեր անպայման մենք մուտք ունենանք»,- շեշտեց նա։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ գերիների վերաբերյալ տվյալները գաղտնի են, հետևաբար՝ իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում թվեր հրապարակել, և այն մասով, որ մասով «Կարմիր խաչն» է տվյալներ տալիս՝ գաղտնիք է։

Նա դժվարացավ ասել՝ Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան, թե ոչ, նշելով, որ դրա հրապարակումն էլ է գաղտնիք։

«Կարծում եմ, եթե Մոսկվա չգնար Նիկոլ Փաշինյանը, այլ մեկ այլ նոր անձ, կարող էր իրավիճակն այլ լինել, քանի որ այդ նոր անձը կաշկանդված չէր լինի նոյեմբերի 9-ի շարունակական պրոցեսով։ Նա կասեր, որ ընդունում է այն, ինչը կա՝ որպես իրողություն, բայց դրա շարունակական գործընթացները կարող են տեղի ունենալ, եթե հայկական կողմի նախապայմանները բավարարվեն։ Հիմա մեր գործող վարչապետը կարողանո՞ւմ է այս ամենն ասել, իհարկե ոչ, քանի որ գործ ունի մի մարդու հետ, ով իրեն ինչ ասես ասում է,  և ասել՝ ոչինչ,  դա բան չի փոխում, ոչ, վստահաբար դա բան փոխում է։ Քանի դեռ իմ եղբայրներն ու քույրերը գտնվում են ադրբեջանական բանտերում, ես ինձ անվտանգ չեմ զգում։ Եթե որևէ մեկը կարծում է, որ այս ջախջախիչ հարվածից հետո մենք կարող ենք մեզ անվտանգ զգալ՝ աբսուրդ է։ Մենք մեր բանակը վերականգնե՞լ ենք, որ մեզ անվտանգ զգանք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս