 
                        Մոնղոլիայի հետ Ռուսաստանի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
 
                                    8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի եւ Ռուսաստանի սահմանին: Այդ մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Օջախն ընկած է տասը կիլոմետր խորության վրա:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում է 6,8 մագնիտուդի մասին: ԱԻՆ-ի տվյալներով, Իրկուտսկի մարզում զգացվել են չորս-հինգ բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, ինչպես նաեւ չորս հետցնցումներ: Բուն Իրկուտսկում գրանցվել են մինչեւ հինգ բալ ինտենսիվությամբ ցնցումներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        