Մեր տղաներից ոչ ոք չի նահանջել, սխրանքներ, հերոսություններ են գործել. համաճարակաբան

Մտավորականներն այսօր հրատապ ժողով էին հրավիրել, որին մասնակցում էր նաև ՍԱՊԾ նախկին պետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը, ով հորդորեց ամենքին պայքարել իր ոլորտում, հանրային հարթակներում:

«Երբ հատուկ վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ ես գործ ունենում, դրա հետևանքները չես բուժում: Վարակիչ հիվանդության վտանգն այն է, որ մինչև օջախը չես գտնում, դու դրա դեմ պայքարել չես կարող: Այսօր մենք ունենք մի վարակիչ հիվանդություն, ընդ որում՝ դա հատուկ վտանգավորության հիվանդություն է, ու մետաստազները մեր պետության բոլոր օրգան համակարգերը ախտահարել են, որոշները՝ շարքից հանել: Անդառնալի կորուստներ ունենք, և եկեք շիտակ լինենք ու ասենք, որ այս ամենը չի սկսվել 2.5 տարի առաջ, այլ 2008-2009թթ., երբ Ծիծեռնակաբերդի լույսերն անջատեցին նրա համար, որ Թուրքիայի նախագահը չնեղանա, և այլն, ու ուղղակի ամեն ինչ բարդեն անաստված խմբավորման վրա՝ արդար չի լինի»,- ելույթում ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին և հստակ կարող է ասել՝ հայ զինվորը չի նահանջել:

«Պատիվ եմ ունեցել մասնակցել վերջին պատերազմին և ասեմ, որ այն լուրերը, որ այսօր փորձում են տարածել ինչ-որ ստահակներ, առ այն, որ հայ զինվորը վախեցել է, հետ է նահանջել, մեր տղաներից ոչ մեկը չի նահանջել, սխրանքներ, հերոսություններ են գործել:

Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա ոչ միայն մշակույթի գործիչներին, այլև բժիշկներին, իրավաբաններին, քաղաքագետներին կոչ կանեմ լինել արդար, մի քիչ ավելի շիտակ: Եվ բոլոր վերլուծությունները, որոնք տեղի են ունենում, մարդ պետք է առաջին հերթին նայի վերև՝ Աստծուն, հետո նոր որոշի՝ ինքը պատվերը կատարելո՞ւ է, թե՞ ոչ: Երբ սկսեցին Ադրբեջանից սննդամթերք թույլատրել ներկրել, ես դեմ էի դրան ու իմ պաշտոնը զոհաբերեցի դրա համար: Հիմա ամեն մեկը պետք է որոշի՝ կամ մտածում է իր անձնական օգուտի մասին, և ամբողջ ազգն է կոտորվում, կամ բոլորս միավորվում ենք, ու ամեն մեկն իր ոլորտում ակտիվ գործունեություն է  ծավալում, մասնակցում նաև փողոցային ակցիաներին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս