Օնիկ Գասպարյանի հերթական քննությունը․ հանուն Փաշինյանի՞, թե՞ պետության և բանակի
«Հայրենիքի փրկության շարժումը» երեկ տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով նա դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին և նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ՝ պարզաբանումներ տալու Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք և այնտեղ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ։
«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։
Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը»,- նշվում է հայտարարության մեջ:
Այսօր արդեն կեսօրին hraparak.am-գրեց, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտպանության նախարարին։ Նրանց ավտոմեքենաները տեսել են Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։
Ըստ էության, Օնիկ Գասպարյանը հերթական անգամ քննության առաջ է կանգնած՝ կհանձնի՞, թե՞… կամ՝ ո՞ւմ կողմից «գերազանց» կստանա և հանուն ո՞ւմ կհանձնի այդ քննությունը՝ Փաշինյանի՞, թե՞ պետության և բանակի, որի կայացման համար ինքն իր լուրջ ներդրումն ունի: Արդյո՞ք գեներալը կփորձի հետ պահել Նիկոլ Փաշինյանին մոսկովյան վտանգավոր այցից և կմերժի՞ «արդարացնել» նրա գործարքները՝ ի վնաս երկրի անվտանգության:
Ի վերջո, բանակին ներքաղաքական գործընթացներին խառնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկները մի քանի անգամ կտրուկ մերժել է:
Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ հանդիպմանը և պարզաբանումներ տալուն, ապա այստեղ, ըստ էության, սահմանադրական խախտում չկա, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պիտի պահպանեն չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո լինեն:
Երկրորդ՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն արդեն հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ, որի ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Երրորդ՝ Փաշինյանի սրտով գործելը, ըստ էության, ինչ-որ առումով քաղաքական չեզոքության խախտում է:
Ի վերջո, Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Այստեղ հիշեցնենք, որ Փաշինյանը պատերազմի օրերին անտեսել է ԳՇ պետի ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը, պատերազմի 4-րդ օրը հայկական ռեսուրսների հետ կապված գնահատականը և զգուշացումը, որ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ», ինչի պատճառով ունենք այն, ինչ ունենք, ինչի պատճառով ծանր է դարձել ԳՇ աշխատանքը՝ որպես ՀՀ ԶՈւ զինվորական կառավարման կենտրոնական մարմին, որն անմիջականորեն պատասխանատու է զինված ուժերի գործառույթների իրականացման համար:
Այսինքն, նաև այս պատճառով պիտի ընդառաջ չգնալ Նիկոլ Փաշինյանին, հատկապես, երբ նա իր գործողություններով հենց այդպես էլ ներկայանում է՝ Նիկոլ Փաշինյան, լրագրող, հոդվածագիր, բայց ոչ՝ Գերագույն գլխավոր հրամանատար և պետության ղեկավար: Իսկ դուք մի դադարեք լինել ԳՇ պետ, գեներալ Օնիկ Գասպարյան…
Հ.Գ. Նշենք, որ 168.am-ը դիմել է ԳՇ-ին՝ պարզելու՝ արդյո՞ք ԳՇ պետն ընդունելու է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջարկը: