Ռ․ Ռուբինյանին հրավիրում եմ իմ ընտրողների հետ հանդիպման, բայց մինչ այդ պետք է բացատրի պատգամավորների՝ իմ տուն ներխուժելն ու Արցախի հրապարակում հայտարարի՝ Արցախը Հայաստան է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր. tert.am
Եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս «Իմ քայլը» լքած, սակայն մանդատից չհրաժարված պատգամավորներին հորդորում էր բացատրել, թե նրանք ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։
Սակայն, Աթաբեկյանի խոսքով, մինչև այդ պատվին արժանանալը՝ Ռուբինյանը երկու հարցի պետք է պատասխանի։
«Առաջին՝ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների ու մոտ 15 անձանց շատ վատ վարքը իմ տան հանդեպ, որոնք անթույլատրելի կերպով ներխուժել են իմ տուն։ Իրեն որպես լավ պատգամավոր հռչակած Ռուբեն Ռուբինյանը թող բարի լինի դրա բացատրությունը տա, թե ինչ վարքագիծ էր, ու դրան ինքն ինչ գնահատական է տալիս։ Եվ երկրորդ՝ թող իր հանձնաժողովի բոլոր անդամներին վերցնի, ես բոլոր ծախսերը կանեմ, կգնանք, կկանգնենք Արցախի հրապարակում, թող ինքը բարձր գոռա, որ Արցախը Հայաստան է, տեսնենք՝ մեր սկզբունքները փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ինքն այդ հարցերին կպատասխանի, այդ քայլերը կանի, դրանից հետո ես իրեն կհրավիրեմ իմ ընտրողների հետ հանդիպման, իրեն կբացատրեն, թե ես ինչ հիմքով եմ շարունակում պատգամավոր մնալ ու թե ում ձայների շնորհիվ եմ դարձել պատգամավոր»,-ասաց Աթաբեկյանը։
Դիտարկմանը, որ իրեն ու իշխանական խմբակցությունը լքած մյուս պատգամավորներին մեղադրանքներ են ուղղում առ այն, որ իրենք պատգամավոր են դարձել Նիկոլ Փաշինյանի անվան շնորհիվ, պատգամավորն արձագանքեց․
«Այո, Նիկոլ Փաշինյանի անունը կար, բայց ես, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իմ ներդրումն եմ ունեցել։ 2015-ից ես ՔՊ-ի հետ պայքարել եմ ու իմ արած ներդրման հիման վրա ձայն եմ ստացել ռեյտինգային ցուցակում, ոչ անցողիկ։ Պայքար է եղել թիմակիցների ներսում մեր և անծանոթ շատ մարդկանց միջև, որոնք հայտնվել են մեր ցուցակում, և իմ ընտրողների շնորհիվ ես դարձել եմ պատգամավոր։ Ես ՔՊ անդամ եմ, այդ պայքարին ես էլ եմ մասնակից եղել, այսինքն՝ իմ մասնաբաժինն էլ կար։ Թե այդ մասնաբաժինն ով ինչպես կկիսի, մի քիչ դժվար է ասել, ցանկությունների դաշտում չէ։ Այդպիսի հարցեր կարող են ուղղել այն պատգամավորներին, որոնք ՔՊ-ի հետ այդ դժվար փուլերը չեն անցել, որոնց չէինք ճանաչում, բայց հայտնվեցին անցողիկ ցուցակում։ Գոնե իմ հարցով պետք է մի քիչ զուսպ լինեն, որովհետև կարող է՝ ես էլ շատ բան ասեմ, իրենք մի քիչ նեղվեն»-ասաց նա։
Պատգամավորը վերահաստատեց՝ չի հրաժարվելու մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր։ «Անհնար է, որ հրաժարվեմ մանդատից։ Ես սկզբից էլ ասել եմ, նոյեմբերի 9-ից էլ բավականին ժամանակ է անցել, եթե մինչև այս ոչինչ չեմ արել, չեմ անի։ Ես իմ ընտրողների հանդեպ պարտք ունեմ, ու պարտավոր եմ այդ պարտքը կատարել։ Ու դուրս գալու տեքստում էլ հստակ նշված են նպատակներս։ Քաղաքական նպատակ չունեմ, որ շատ առիթ լինի, կարող է՝ ընդհանրապես հրաժարվեմ քաղաքական գործունեությունից»,-ասաց Վարդան Աթաբեկյանը։
Հիշեցնենք՝ Աթաբեկյանը «Իմ քայլը» լքելու որոշում էր կայացրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ նշելով, որ հայտարարության մասին տեղեկացել է մամուլից։