Նոր տարվա 8 օրում Շիրակում արձանագրվել է 16 պատահար
Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Շիրակի մարզում արտակարգ դեպքերը 1-ով ավելացել են:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ փրկարար ծառայության գնդապետ Կարեն Եղշատյանը՝ նշելով, որ նախորդ տարվա 15-ի փոխարեն այս տարի 16 դեպք է գրանցվել: «Չնայած ավելացմանը՝ տարին համեմատաբար հանգիստ ենք սկսել: Նախորդ տարվա նման շմոլ գազի թունավորումների, ճայթուկների հետևանքով վնասվածքների ու հրդեհների դեպքեր չեն եղել, այլ կենցաղային կանչեր՝ փակ դռների ահազանգեր»,- նշում է գնդապետը:- Դեպքեր չեն գրանցվել նաև եղանակային բարենպաստ պայմանների պատճառով՝ փակ ճանապարհներ, ձյունամրրիկներ չեն եղել:
Այս տարի ՀՀ ԱԻ ՇՄ ՃԿԿ-ն ստացել է 1 726 զանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահավածի 2 789-ի փոխարեն: «Հիմնականում տեղեկատվական զանգեր են եղել, ասենք հարցրել են ճանապարհների վիճակից կամ էլ այլ հեռախոսահամներ են խնդրել»,- նշում է գնդապետ Եղշատյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի, ի տարբերություն մյուս տարիների, շատ քաղաքացիներ նաև բանակի մասին են տեղեկություններ հարցրել:
ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալը 2021 թ. առաջին 8 օրերի ընթացքում գրանցված դեպքերից առանձնացրեց հրդեհի, ճանապարհատրանսպորտային պատահարի և որոնողափրկարարական աշխատանքերի մեկական դեպքերը: «Նախորդ տարի նույն ժամանակահատվածում հրդեհի 5 դեպք էինք ունեցել, այս տարի, բարեբխտաբար, միայն 1 հրդեհ. քաղաքացիներն ավելի ուշադիր են եղել»,- ավելացրեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:
Արմենուհի Մխոյան