Բաժիններ՝

«Հա՛յր մեր․․․»

Հաճախ, երբ նեղսրտում ենք աշխարհից և չենք կարողանում մեզ տանջող հարցերի լուծումները գտնել, դիմում ենք Աստծուն՝ աղոթքի միջոցով։ Աղոթքը ի՞նչ է, եթե ոչ երկխոսություն մարդու և Աստծու միջև։ Թերահավատները կասեն, թե տեղին չէ երկխոսություն անվանել այս երևույթին, կասեն, թե այն պարզ մենախոսություն է․ չէ՞ որ ֆիզիկական աշխարհում աղոթքի մեջ լսվում է միայն մարդու ձայնը։ Սակայն աշխարհն ավելին է, քան միայն նյութական ու ֆիզիկական իրողությունները։ Եվ այսպիսով՝ եթե ֆիզիկապես չենք կարող լսել պատասխանը, դեռ չի նշանակում, որ պատասխան չկա։

Երբ Փրկչի պատգամի համաձայն մտնում ենք մեր սենյակները, փակում դռները և ծածուկ աղոթում, մեր սրտերն ուղղում ենք դեպի Հայրը՝ դեպի վեր, իսկ աչքերն ուղղում դեպի մեր ներքին աշխարհ, որտեղ անգամ մեզ համար չբացահայտված շատ անկյուններ կան, այսինքն՝ դեպի վար։ Հենց սա է աղոթող մարդու հոգեվիճակը՝ միաժամանակ մարդկային և մարդկայինից դուրս։

Մեր հաջողությունների պահերին Աստված արժանանում է լավագույն դեպքում մեկ բառի՝ շնորհակալություն, իսկ ձախողումների պարագայում մեր կողմից արժանանում ջերմեռանդ աղոթքների, խնդրանքների։ Եվ ակամայից ստացվում է այնպես, որ մեր ձախողումներն են մեզ մոտեցնում Աստծուն։ Ինչո՞ւ է այսպես։

Այս տարին մեր ազգի համար լի էր անկումներով։ Եվ այդ անկումների մեջ էր, որ մենք վերագտանք մեր Աստծուն, սկսեցինք հիշել Նրան ավելի շատ, ավելի հաճախ աղոթել Նրան, հաճախ այցելել Աստծո տուն, որի դռները միշտ էլ բաց էին ամենքի առաջ։ Բաժին հասած փորձությունների ծանրությունից շատերը ծնկի իջան և դիմեցին Տիրոջ օգնությանը։ Եվ շատերը խոստացան մշտապես հետևել Փրկչին՝ թե՛ վատ, թե՛ հատկապես լավ օրերում, որովհետև թեև փորձությունների ժամանակ փորձվում է հավատը, սակայն արտահայտվում է խաղաղ ժամանակներում, երբ խանգարող հանգամանքները քիչ են։

Շտկենք մեր թերացումները, աղոթքը չդարձնենք միայն Աստծուց որևէ բան խնդրելու միջոց, ինչպես հորդ հետ չես խոսում միայն այն ժամանակ, երբ որևէ բանի կարիք ունես։ Աղոթենք ոչ միայն բառերով, այլ նաև մեր գործով, մեր կյանքի ընթացքով։ Եվ չմոռանանք կյանքի ամեն փուլում, անկախ նրանից՝ փորձությունների բեռը ծանր է, թե ոչ, նեղսրտած ենք, թե երջանիկ, ծնկի իջնել և դիմել Տիրոջը․ «Հա՛յր մեր․․․»

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս