«Մենք ուզում ենք իմանալ, թե այս ծանրագույն պատերազմն ինչ է արժեցել մեր հասարակությանը». Ռուբեն Մելիքյան

«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խոսելով հետպատերազմյան Հայաստանում սահմանադրական իրավունքների վիճակի մասին՝ անդրադարձավ տեղեկատվություն ստանալու իրավունքին, որը խոսքի ազատության ու սահմանադրական իրավունքի տարր է:

«Մեկ էլ տեսնում ենք՝ ի՞նչ, մեր Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, ասում է՝ զոհերի թիվը այս խայտառակ, կապիտուլյացիայով ավարտված պատերազմի, գերի ընկած մարդկանց թիվը, անհայտ կորածների թիվը պետական գաղտնիք է: Էդ ո՞նց է պետական գաղտնիք, էդ ինչպե՞ս ստացվեց, որ պետական գաղտնիք է: Մենք ուզում ենք իմանալ, թե այս ծանրագույն պատերազմն ինչ է արժեցել մեր հասարակությանը: Սա 100% լեգիտիմ է:

Նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին է վերաբերում, օրինակ, այն, որ մենք քնենք-զարթնենք-իմանանք՝ մեր անկողնուց մի մետր այն կողմ ՀՀ է՞, թե՞ ինչ-որ մեկը որոշել է, որ արդեն ՀՀ չէ, և մենք պետք է մեր տները վառենք»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Անդրադառնալով դատարանների հարցին՝ Մելիքյանն ասաց, թե իշխանության գործելաոճից այսօր տպավորություն է ստացվում, որ մեր ննջարանում հրդեհ է բռնկվել, իսկ մենք խոհանոցում սուրճ ենք խմում: Նրա խոսքով՝ երկիրն աղետի մեջ է, իսկ իշխանությունն անտրամաբանական քայլեր է անում:

Հաջորդ հարցը, որին անդարդարձավ իրավապաշտպանը, վերաբերում էր այսօր մեր երկրում  առկա խտրականությանը, Մելիքյանը հիշեցրեց 2019 թվականին «Հայելի» մամուլի ակումբի նկատմամբ ձվերով հարձակումը, որին պետությունն արձագանքեց,  Մելիքյանի բնորոշմամբ, անգործությամբ: Իսկ վերջերս, երբ ձվերով հարվածեցին ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, Անդրանիկ Քոչարյանի մեքենային, դա որակվեց խուլիգանություն: Ինչը, Մելիքյանի գնահատմամբ՝ ապացուցում է, որ գործ ունենք խտրականության հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս