«Հայաստանից կմնա Երևանն իր արվարձաններով՝ Մեղրիով Նախիջևան ճանապարհ կառուցելուց հետո». Արմեն Գրիգորյան
Ռուսաստանաբնակ լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը տելեգրամի իր ալիքում գրառում էր կատարել, թե Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները հայտնում են, որ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կոչը՝ թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել Հայաստանի եկեղեցիներ, Փաշինյանին հունից հանել է:
«Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն ուժայինների մերժումից հետո, ինչպես միշտ, սկսել է խմել»,- գրված է գրառման մեջ:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ կինոպրոդյուսերն ասաց, որ սպառնալիքներ իր հասցեին բազմիցս են հնչել, սակայն իրեն դա չի վախեցնում:
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ ասել որոշ, այսպես ասած, պետաշխատողների, որ Ամանորին գնացիք Եռաբլուր, ֆոտո եղաք, գցեցիք Ֆեյսբուք, յանի ցավում եք, ձեր ցավալը կես կոպեկ չարժե, ուզում եմ ասել բացեիբաց՝ դուք եք սպանել էդ տղերքին՝ ձեր դավաճանությամբ: Հիմա որ գնում եք, ծաղիկ եք դնում, ֆոտո եք անում, դնում եք Ֆեյսբուք, յանի ինչ, մեղքի քավությո՞ւն է, թե հետո որ քեֆ եք անում, կանգնած արաղ եք խմում, գիտեք դուք սպա՞ եք, չէ, դուք սպա չեք, դուք դավաճան եք, ասեմ իմանաք, դուք դավաճան եք, մնացածներն էլ, որ ժամանակին գիտեին ու ձեն չէին հանում, մինչև էսօր սատարում են էս իշխանությանը, կոնկրետ Նիկոլին, դուք հանցակից եք, ուրիշ կարծիք լինել չի կարող և չկա: Ի պատասխան ձեր սպառնալիքների՝ ասում եմ՝ չեմ մեռնելու, մինչև ձեզանից վերջինը չդատվի, էդ ես եմ ձեզ ասում՝ էս հողում, էս քաղաքում ծնված տղա»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից անցել է մոտ 2 ամիս, իսկ գործող իշխանությունը շարունակում է մնալ իշխանության, ավելին, Ամանոր է նշել՝ Գրիգորյանը կրկնեց, որ միևնույն է՝ բոլորը դատվելու են, իսկ թե քանի ամիս հետո՝ կախված է ժողովրդից:
«Մարդ պետք է անմեղսունակ լինի, որ մտածի, թե կարող է մարսել այս ամենը: 2 ամիս է անցել, թե կես տարի, դա ոչ թե իրենց, այլ մեր մեղքն է, մեր ցավն է, որովհետև ժողովրդի մեջ ազգը կազմում է 4-5 տոկոսից ոչ ավել, արդեն սկսել եմ կասկածել, որ պակաս»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ մարդիկ մինչև թուրքին տետ-ա-տետ չտեսնեն, չեն գիտակցելու, թե ի՞նչ է կատարվում, որ այն, ինչ կատարվել է Արցախում, սպառնում է նաև իրենց:
«Մեղրեցիների ձայնը դուրս չեկավ, հես ա Մեղրիով ճանապարհ է, չէ՞, անցնելու: Էսօր արդեն Կրեմլի կայքը տեղադրեց, ռուսական կայքերը հաստատեցին, որ հունվարի 10-11-ին ստորագրվելու է Մեղրիով Նախիջևանից, այսպես ասած, մայր Ադրբեջան անցնող ճանապարհի հարցերը, որոշումը: Այդ ճանապարհով թույլ են տվել, որ նաև ռուսներն ու պարսիկները ապրանքներ անցկացնեն: Դա նշանակում է, որ շատ շուտով Հայաստանից կմնա Երևանն իր արվարձաններով: Պատկերացնում եք, չէ՞, որ Մեղրիով ճանապարհ է անցնում, որի կողքը անվտանգության զոնա է, որը հսկում են ռուսները, թուրքերը, էլ չգիտեմ ով, չգիտեմ՝ ոնց կպայմանավորվեն, հաշվեք, որ դա արդեն ձերը չէ, եթե դուք ձեր տարածքի մի մասը չեք կառավարում, էդ տարածքը ձերը չէ: Մի կողքից սենց կերան, մյուս կողքից կծում են, ուտում են, այն բարձունքները, գյուղերը, որ ադրբեջանցիները GPS-ով են ստացել Նիկոլից, ըտեղ տեղակայում են իրենց զորքերը, դա նշանակում է, որ գայլը իր ատամները հարմարացնի ձեր վզի վրա, հենց կգա ժամանակը՝ «համ» կանի: Ժողովուրդը կամ չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ, կամ ընդունակ չէ հասկանալ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Կինոպրոդյուսերի խոսքով՝ շատերը սարսափի մեջ են, որ չթողնեն Նիկոլ Փաշինյանը ստորագրի Մեղրիով ճանապարհ կառուցելու մասին փաստաթուղթը, սակայն այդ ստորագրությունը վերջը չէ:
«Դրանից հետո կա վավերացման պրոցեդուրա, որը պետք է վավերացվի ԱԺ-ով և ՍԴ-ով: Նիկոլի ստորագրությունը շատ տհաճ երևույթ է, բայց կատաստրոֆա չէ»,- ասաց Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում հակառուսական քարոզ է սկսվել, ինչն իր համար ծիծաղելի է.
«Ձեզ հարց տամ. թուրքի յաթաղանը՝ մի կողմից, ռուսական զորքը՝ մյուս կողմից՝ իր բոլոր հաճույքներով, ո՞րն եք ընտրում, հենց ռուսական զորքը հանում եք, թուրքական յաթաղանը իջնում է վզներիս, դուք հո աննորմա՞լ չեք, չէ, աննորմալ չեն, նենց փող են ստանում դրսից, որ…»:
Արմեն Գրիգորյանը նաև պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ միայն հեռացվի, այլև դատվի, որ բոլորն իմանան՝ կա՞ դավաճանություն, թե՞ ոչ, եթե եղել է, ապա ովքե՞ր են եղել դավաճանները: Կինոպրոդյուսերը նաև պնդում է, որ ընդդիմությունն իրեն շատ անորոշ է պահում: