«Եթե ձևավորվում է մթնոլորտ, մթնոլորտն այլևս չի հարցնում յուրային կամ հակառակորդ». Գևորգ Դանիելյան
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագիրը կրող խորհրդաժողովում Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ևս անդրադարձավ Հայաստանում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը, որն իրականացվում է այնպիսի եղանակներով, ինչը, դեռ հարց է, թե ում է վնաս՝ իշխանությա՞նը, թե՞ հասարակությանը:
«Ցանկացած իշխանություն, եթե ուզում է համարժեք գնահատել, հասկանալ, թե ինչ հանգամանք է, և, թե ինչպես պետք է ինքն արձագանքի երևույթներին, մանավանդ այն իշխանությունը, որը, որպես կանոն, զերծ է մնում սոցիոլոգիական հետազոտություններից, գոնե այս աղբյուրը չպետք է փակեր և պետք է տար հնարավորություն և ունենար լիարժեք պատկերացում, թե ինչ են մարդիկ մտածում»,- նշեց Գևորգ Դանիելյանը:
Դանիելյանն անդրադարձավ նաև հանրությանը տեսակների բաժանելու՝ իշխանության ներկայացուցիչների գործելաոճին, որով, ըստ նրա, կամա թե ակամա, խախտվում է Սահմանադրության 39-րդ հոդվածը՝ ի վնաս հանրային շահերի:
«Եվ նրանք, ովքեր միգուցե այս պահին հանգիստ են՝ «չէ՞ որ մեր իրավունքները չի խաթարվում, դա վերաբերում է մեր հակառակորդներին», ես կուզենայի իրենց հիասթափեցնել, որովհետև եթե ձևավորվում է մթնոլորտ, մթնոլորտն այլևս չի հարցնում յուրային կամ հակառակորդ: Այդ մթնոլորտը հավասարապես վնասակար է յուրաքանչյուրին: Կարող է մի փոքր ուշ լինել, բայց, ցավոք, լինում է: Դրա համար մենք պետք է արդեն այսօր մտածենք, որ ստեղծենք այնպիսի հասարակարգ, այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրն իսկապես հասկանա, որ Սահմանադրության 23-րդ հոդվածով ամրագրված արժանապատվությունը անքակտելի է»,- հավելեց Գևորգ Դանիելյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում