«Այս պատմական մասշտաբի պետական դավաճանությունը պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի». Արթուր Ղազինյան
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով այսօր հրավիրված խորհրդաժողովում «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանն անդրադարձավ ավելի վաղ Գլխավոր դատախազություն ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումներին:
Ներկայացնելով դրանցում առկա փաստերը՝ իրավաբանն ասաց, թե դատախազությունը ցուցաբերել է հանցավոր անգործություն, հավուր պատշաճի ուշադրության չեն արժանացրել ներկայացված դրվագները, ավելին, հաղորդումը դրվագների է բաժանել, ուղարկել առանձին կառույցներ՝ նպատակ ունենալով հասնել դրվագային հերքման:
«Բացի այն, որ պետք է արդարության սկզբունքը կիրառվի, հաղթանակի, նաև դա կենսական նշանակություն ունի Հայաստանի ապագայի համար: Եթե մենք պատրաստվում ենք, մենք իրականում պատրաստվում ենք և ունենք ծրագիր՝ ունենալ ուժեղ պետություն, ապա այս պատմական մասշտաբի պետական դավաճանությունը պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի: Հետևաբար՝ սա մեր իրավաբանական հանրույթի համար 1 մասնագիտական առաքելությունը պետք է դառնա՝ պատասխանատվության կանչել իրավապահ համակարգին և ստիպել նրանց գտնվել իրենց մասնագիտական գործառույթների առավել արդյունավետ իրականացման դաշտում»,- նշեց Արթուր Ղազինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում