«Ինձ համար էլ կան որոշակի հարցեր, որոնց պատասխանները չունեմ». Սիսակ Գաբրիելյանը՝ պատերազմի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր մասնակցությամբ միջադեպից հետո խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գուցե բողոքող քաղաքացիներն իրենց քննադատություններում ճշմարիտ են:

«Ես չեմ ասում, որ նրանք բացարձակ սուտ են ասում, խոսքն իմ վրա հարձակված մարդկանց մասին չէ, այլ այն մարդկանց… բնականաբար, հայրենիքի մի մասը կորցրել ենք, այդ ամենը գիտակցում եմ, կա դժգոհություն: Ես էլ չեմ խուսափում դրանից, այո, պետք է լինեն պատասխանատուներ, ի վերջո, որպես քաղաքացի՝ այդ հարցերի պատասխանը ես էլ պետք է ստանամ: Ես պատերազմի հետ կապված երբևէ չեմ խոսել, որովհետև ինձ համար էլ կան որոշակի հարցեր, որոնց պատասխանները չունեմ, այդ հարցերին պետք է տրվեն պատասխաններ»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր  առավոտյան մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ էին իրականացրել ԱԺ շենքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: Ակցիայի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վեճի էր բռնվել ակցիայի մասնակիցների հետ, այնուհետև հարձակվել նրանց վրա:

Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելու հարցին, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ժամանակին ավելի լավ աշխատում՝ ավելի լավ վարձատրվում էր, իսկ հիմա ինչ-որ գործ է անում:

«Որ պահին զգամ, որ այս կարգավիճակում ավելի քիչ օգուտ կարող եմ տալ, որևէ կաշկանդվածություն չունեմ, հիմա անելիք ունեմ»,- հավելեց նա:

Հաջորդ հարցին՝ ո՞վ է մշակել նախագիծը, ըստ որի` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին պետք է զրկեն Մարդու իրավունքների պաշտպանության հանաձնաժողովի նախագահի պաշտոնից, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:

Տեսանյութեր

Լրահոս