«Մենք ականատես ենք լինում «Կոլցո-2» օպերացիային. Ադրբեջանը սկսել է հայաթափել Հայաստանի կենտրոնական կարևոր մարզերը». Արամ Օրբելյան

«Բավականին մանիպուլյատիվ քննարկում է գնում, դիտավորյալ կամ անզգուշությամբ: Իրականում սահմանների ու տարածքների հարցը պետք է իրարից տարանջատել: Վերցրեք միջազգային իրավունքի ցանկացած դասագիրք ու կտեսնեք, որ այնտեղ սահմանների ու տարածքների կարգավիճակի հարցերն առանձին հարցեր են ու կարգավորվում են միջազգային օրենքներով»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ներկայումս Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման խնդիրներին, ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, միջազգային և հանրային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:

Ըստ նրա՝ երկրորդ շերտը, որտեղ էլի առաջանում է մեծ խաբեություն, կոնֆլիկտի համապարփակ լուծման, կարգավորման ու խաղաղության և հրադադարի սահմանումների տարբերություններն են:

«Բերում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը: Բացեցի բնօրինակ փաստաթուղթը, որի մեջ Ադրբեջանի մասին կա առնվազն 70 նշում, և այդ օրենքում ասում է՝ հարակից է Ադրբեջանին: Չի ասում, որ Որոտան գյուղի 12 տունն Ադրբեջանինն են: Ոչ ոք երբեք պատմականորեն չի բարձրաձայնել, որ այդ տարածքները հարակից չեն Ադրբեջանին, բայց այստեղ 2 կարևոր խնդիր կա: Մինսկի խմբի ձևավորումից հետո որոշվել էր, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջնական լուծումը պետք է լինիի Մինսկի կոնֆերանսի ժամանակ: Հետևաբար՝ քանի դեռ չկա այդ կոնֆերանսը, որը կկարգավորի և ԼՂ կարգավիճակի, և տարածքի, և միջանցքների հարցը, ապա կարելի է համարել, որ այդ տարածքները, որպես այդպիսին, իրենց կարգավիճակով վիճելի են»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ փաստաթղթում գրված չէ, որ սահմանը պետք է անցնի հենց այդ գծով:

Անդրադառնալով սահմանը ԽՍՀՄ վարչատարածքային սահմաններին համապատասխանեցնելու խնդրին՝ Արամ Օրբելյանը նշեց, որ համաձայն չէ այդ մոտեցման հետ, քանի որ միջազգային իրավունքում հստակ կանոնակարգված չէ՝ ինչպես են գծվում ցամաքային սահմանները:

«Երկրորդ՝ ԽՍՀՄ ո՞ր թվականի սահմաններով է գծվում հայ-ադրբեջանական սահմանը: Ինչ-որ մեկն ասում է՝ 1974թ․, և ինձ համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ: Ամենատրամաբանականն այն է, որ կամ ԽՍՀՄ մտնելու, կամ ԽՍՀՄ քայքայվելու սահմաններով պետք է գծվեն դրանք: Չի կարող մեջտեղի ինչ-որ տարեթվի սահմաններով գծվել: Բացի դրանից, եթե պետք է ԽՍՀՄ սահմաններով գծվեր, ապա այդ գործընթացն ավարտված կլիներ 1991թ.»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ հենց նույն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի պայմանագիրը վավերացվել է 2011թ., այսինքն՝ այդ երկրների միջև սահմանները գծվել են 20 տարի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը՝ 2015թ., և այլն, ու սա նշանակում է, որ սահմանազատման պրոցեսը բարդ, ոչ միանշանակ և երկարատև պրոցես է:

«Երկարատև է, որովհետև ձևավորվում են հանձնաժողովներ, պայմանավորվում, ձևավորվում են որոշակի սկզբունքների հիման վրա, բանակցվում են մոտեցումներ, որոնք կարող են լինել տարբեր: Այսինքն՝ նախ պետք է լինի դելիմիտացիա»,- նկատեց Արամ Օրբելյանը:

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ սահմանի սահմանազատում չի եղել, և ինչ-որ մարդիկ իրենց քաղաքական շահերի համար պնդումներ են անում:

«Երկու հարևան իրար հետ սահմանային,  պատի վեճ են ունենում, 10 տարի դատվում են: Ինչ-որ մարդիկ որոշել են, որ սահմանազատում կա, և դրանց մի մասը բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում, և ասում են, որ Ադրբեջանն իր տարածքներն է վերցնում: Մոտավորապես այ լոգիկան է»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ մենք Ադրբեջանի հետ չունենք համաձայնագիր, որի ընթացքում որոշված լինեն ընդհանուր սկզբունքները, սահմանային գիծը:

Արամ Օրբելյանի խոսքով՝ երկրորդ մեծ սուտն այն է, որ պատերազմն ավարտվել է, այնինչ դա այդպես չէ, և նոյեմբերի 9-ին ստորագրվել է հրադադարի մասին պայմանավորվածություն:

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Ադրբեջանը հաջորդ տարվա բյուջեով իր ռազմական բյուջեն ավելացրել է 550 միլիոն դոլարով: Այսինքն՝ նա արտահայտում է դիրքորոշում, որ պետք է Սյունիքն էլ տրվի Ադրբեջանին, Սևանա լիճն է, և ընդհանրապես «Էրիվանը» Արևմտյան Ադրբեջանի կենտրոն է եղել: Եվ եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ մեզ պաշտպանելու են, սխալվում են: Մենք ականատես ենք լինում «Կոլցո-2» օպերացիային: Այն ժամանակ այդպես ադրբեջանական օմոնը որոշեց հայաթափել Լեռնային Ղարաբաղին հարակից 20-ից ավելի գյուղեր: Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը սկսել է հայաթափել Հայաստանի կենտրոնական կարևոր մարզերը»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը՝ հատուկ ընդգծելով, որ մենք այս պահին էլ պատերազմի մեջ ենք:

Փաստաբանը վստահ է, որ այս նույն մարդիկ մեկ ամսից անցնելու են Գեղարքունիքի սահմանների, ապա՝ Տավուշի սահմանների հանձնմանը, իսկ դրա պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած հավանական կոռուպցիոն սխեմաներից, ավարտած՝ վախերով՝ տանք, պրծնենք: Նա չի հավատում, որ կան գաղտնի համաձայնագրեր, ինչը չի բացառում, որ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ընտանիքների միջև կան գաղտնի համաձայնություններ, իսկ այդ հարցն արդեն իրավապահների տիրույթում է:

«Մենք պետք է շատ հստակ հասկանանք՝ ովքեր են մեր հարևանները: Պետք է իմանանք, որ քանի դեռ պանթուրքիզմն ամբողջությամբ վերացված չէ՝ որպես գաղափարախոսություն, և չի համարվում հանցավոր, ինչպես Գերմանիայում նացիստական գաղափարախոսությունն է համարվում, մենք վտանգված ենք, և Ադրբեջանը ցանկացած պահի կարող է վերսկսել ռազմական գործողությունները»,- ասաց Արամ Օրբելյանը:

Անդրադառնալով դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների կողմից ուղղորդված լայնածավալ հարձակումներին՝ փաստաբանն ասաց, որ իրականում մենք ականատեսն ենք լինում Հայաստանում հանցավոր սիրողականության հաղթանակին, երբ իրավական հարցերի շուրջ դիրքորոշում հայտնելու իրավունք են իրենց վերապահում մարդիկ, ովքեր իրավունքի հետ առնչություն չունեն:

«Երբ որ խոսքը գնում է հերթական ինստիտուտները ոչնչացնելու, կազմալուծելու մասին, երկու ուղղություն եմ տեսնում՝ անարխիստական կառավարման մոդելի խորացում, անձի պաշտամունքի ձևավորում: Երբ Ազգային ժողովի նախագահն ասում է՝ ես վարչապետի զինվորն եմ, սա անձի պաշտամունքի ցուցիչ է, երբ խորհրդարանական կառավարման երկրում Խորհրդարանն առանցքային անկախ մարմին պետք է լիներ, այլ ոչ թե կցորդ»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՄԻՊ ինստիտուտը երկրում միակ աշխատող ինստիտուտն է, և ընդ որում, երբ Արման Թաթոյանը բյուջեից փոքր-ինչ ավելացումներ էր ուզում, չտվեցին:

«Միակ մարմինն է: Ռազմագերիներով է զբաղվում, սահմանային բնակիչների խնդիրներով, ինքն է գնացել, հանդիպել, խոսել, տեսել, հետ եկել: Հիմա էլ ռազմագերիների հարցերով Մոսկվա է գնացել: Այսինքն՝ ինքն է զբաղվել, և ես չեմ տեսնում, որ այդ նույն հարցերով ջանասիրությամբ զբաղվեն վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովը, Արտգործնախարարությունը: Եվ դա միակ ինստիտուտն է, որ գործում է»,- ասաց Արամ Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս