Էդմոն Մարուքյանն առաջարկում է հրատապ քննարկել Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը երկրում ստեղծված իրավիճակում հրատապ լուծում պահանջող հարց է համարում Սյունիքի մարզում տիրող վտանգավոր իրավիճակի հանգուցալուծումը, քանի որ Սյունիքի մարտահրավերը  Հայաստանի համար դառնում է օրհասական։

«Պատերազմում մեր պարտության արդյունքում իրավիճակ է ստեղծվել, որ Սյունիքի քաղաքներն ու գյուղերը հայտնվել են Ադրբեջանի տեսադաշտում։ Եթե նախկինում կար 180 կմ հեռավորություն նրանցից, ապա հիմա այդ հեռավորությունը կրճատվել է՝ հասնելով 2-3 մետրի։ Սրանից զատ՝ այդ, այսպես կոչված սահմանազատումների արդյունքում, բարձրադիր տարածքներ և դիրքեր են հիմա զբաղեցնում ադրբեջանական ուժերը։  Բացի այս, Ադրբեջանը խորհրդարան է ներկայացրել 2021 թվականի ռազմական բյուջեն, ըստ որի, նախատեսում է ռազմական բյուջեն հասցնել 2.7 միլիարդ դոլարի, որը ավելի քան 550 միլիոն դոլարով ավելի է 2020 թվականի ռազմական բյուջեից»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այդ ռազմական ծախսերի ավելացումը նշանակում է, որ թշնամի պետությունը պատրաստվում է նոր արկածախնդրության։

Այդ նոր արկածախնդրությանը դիմակայելու համար Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ռուսաստանի հետ սկսել նոր բանակցություններ և նոր ռազմական համագործակցություն։

«Օր առաջ պետք է բանակցություններ սկսել. արդեն մենք փորձ ունենք՝ կապված  Գյումրու ռազմաբազայի հետ։ Ակնհայտ է, որ, եթե Սյունիքում տեղակայված լինի ռազմաբազա, Արցախի ռուս խաղաղապահ ուժերն ավելի հեշտ կսպասարկվեն այդ ռազմաբազայից, քան Գյումրիում տեղակայվածից։ Օր առաջ պետք է առաջարկություն ներկայացնել ու սկսել Սյունիքի մարզում ռազմաբազա տեղակայելու հարցի քննարկում։ Թող 103-րդ ռազմաբազան էլ լինի Սյունիքում, այլապես, եթե մենք ամբողջ մեր պետական բյուջեն էլ ծախսենք մեր ռազմական բյուջեի վրա, չենք կարող խնդիրը լուծել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս