Սրճեփ սարքերից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող 19 և 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում և Արարատի մարզի մի շարք գյուղերում գողություններ են արել։
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 15-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:
Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 9-ին, ժամը 2-ի սահմաններում, լինգով բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղադրված սրճեփ սարքի դուռը և հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը՝ մետաղադրամներով: Նույն օրը Գեղանիստ գյուղում էին սրճեփ սարքից գուղություն արել։
Գեղանիստի մեկ այլ փողոցում, նաև Հովտաշատ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին կոտրել սրճեփ սարքերի դռները, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր հաջողվել: Ձեռնունայն չվերադառնալու համար Հովտաշատի շուկայից գյուղմթերք էին հափշտակել։
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։