«7230 հոգու անունից շնորհավորում եմ Վանո Սիրադեղյանի ծննդյան 66-րդ տարեդարձը». Վարդուհի Սիմոնյան

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու նպատակով ստեղծված «Ելք» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Վարդուհի Սիմոնյանը և դերասանուհի, արվեստագետ Կարինե Ջանջուղազյանը Վանո Սիրադեղյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել:

Վարդուհի Սիմոնյանը նախ՝ շնորհակալություն հայտնեց բոլոր լրագրողներին «Ելք» համացանցային շարժման գործունեությունը հենց առաջին օրվանից լուսաբանելու համար: «Այն, ինչի հասել ենք, մեր լրագրողների մասնագիտական բարձր որակների շնորհիվ է: Եթե հանկարծ ձեզ կփորձեն ասել, որ լրագրողական դաշտը կայացած չէ, ծախված է, այս է, այն է,  մի՛ հավատացեք դրան»,- ասաց նա:

Վ. Սիմոնյանը նշեց, որ լրագրողների հաղթանակն է, որ շարժումն այսօր ի պաշտպանություն Վ.Սիրադեղյանի՝ գրանցել է 7230 ստորագրություն: «Այնտեղ ներկայացված են ավելի քան 300 մշակութային և քաղաքական գործիչներ, 60-ից ավելի լրագրողներ, 11 գլխավոր խմբագիրներ և երկու քաղաքական կուսակցություն (Սոս Գիմիշյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները.- Ա.Ս.): Այսօր ես այս 7230 հոգու անունից շնորհավորում եմ Վանո Սիրադեղյանի ծննդյան 66-րդ տարեդարձը:

Մենք միշտ սովոր ենք, որ մշակույթը դառնում է քաղաքականության կցորդ: Հայաստանում հակառակն է լինելու, և այս շարժումն ինչ-որ տեղ բերելու է հենց դրան: Անհասկանալի է` ինչպե՞ս կարելի է մշակույթը կցել քաղաքականությանը, ընդհակառակը` քաղաքականությունը պետք է որպես վերջին վագոն՝ կցվի մշակույթին: Ես չեմ հասկանում այն մշակութային գործիչներին, ովքեր, տեսեք, նախագահական, այսպես կոչված, բազարը սկսվեց. մեկը գնալու է այն հովանու տակ մտնի, մյուսը՝ այլ: Հերիք է, մշակույթը երկրի առանձին ողնաշարն է, և մշակութային գործիչներին իրավունք չունեն ֆայլաբազար տանելու»,- ասաց շարժման ղեկավարը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս