Բաժիններ՝

Սփյուռքի և Հայաստանի միջև անջրպետ չկա, չի եղել և չի լինի. Խորեն Մարդոյան. miasin.am

Ներկայացնում ենք miasin.am-ի հարցազրույցը Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհրդի Հումանիտար Հանձնախմբի համակարգող անդամ Խորեն Մարդոյանի հետ:

– Պատերազմի օրերին Սփյուռքը միանգամից ինքնակազմակերպվեց ու հնարավոր բոլոր եղանակներով (քաղաքական, մարդասիրական, տեղեկատվական և այլն) ջանաց օգնության ձեռք մեկնել հայրենիքին. կանադահայ համայնքն ո՞ր ուղղություններով էր այդ օրերին աշխատում և ինչպե՞ս կարողացավ օգտակար լինել Հայաստանին և Արցախին:

– Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Կանադայի հայ համայնքը նույնպես անմասն չմնաց Հայաստանին և Արցախին ֆինանսական և հումանիտար օժանդակության հարցում: Պատերազմի առաջին իսկ օրվանից Տորոնտոյում շատ արագ ձևավորվեց Օնտարիո Նահանգի Միացյալ Մարմինը, որի տանիքի տակ միաբանվեցին համայնքում գործող բոլոր հայկական կառույցներն ու անմիջապես անցան գործի: Նշեմ, որ այդ ժամանակահատվածում շատ սերտորեն համագործակցել ենք Օտտավայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ, որը մեզ էր տրամադրել այն ապրանքների ցուցակները, որոնք առաջնահերթ և շտապ պետք էր ուղարկել Հայաստան ու Արցախ: Այդ օրերին բոլորս էինք ջանում, որպեսզի կարողանանք Հայաստան ուղարկել այն ամենը, ինչի կարիքն ունեին Արցախից տեղահանված մեր հայրենակիցները:

Աշխատանքները մեկնարկեցին պատերազմի սկսվելուց երեք օր հետո, դեռ շարունակվում են և շարունակվելու են, քանի դեռ կարիքը կա: Պետք է արժանին մատուցենք Օնտարիո նահանգում գործող կանադահայ կառույցներին՝ իրենց անձնուրաց և նվիրական աշխատանքի համար: Այդ օրերին յուրաքանչյուր հայորդի դարձավ Հայոց բանակի թիկունքն ամուր պահող զինվոր:

– Այսօր, դժբախտաբար, ունենք մի իրականություն, որի հետ դժվար է համակերպվել: Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հնարավոր, կամ ի՞նչ է պետք է անել հաղթահարելու այս իրավիճակն ու գտնելու այն ուղիները, որոնք մեզ կօգնեն առաջ շարժվել:

– Ստեղծված իրավիճակը դժվար համակարպելի չէ, իրավիճակն անհամակերպելի է։ Այդտեղից դուրս գալու համար անհապաղ պետք է հեռանա գործող իշխանությունը, պետք է ձևավորվի ժամանակավոր ճգնաժամային կառավարություն, այնուհետև պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Ընդ որում, պետք է բացառել ժամանակավոր կառավարության՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։

Իսկ առաջ շարժվելուն կօգնի միայն պրոֆեսիոնալների բանակը, որն անշահախնդրորեն կլծվի ծանրաբեռ աշխատանքի՝ ունենալով Սփյուռքի և Հայաստանի անմնացորդ աջակցությունը։

– Ինչպիսի՞ չափանիշների պետք է համապատասխանեն պետության համար պատասխանատուները, որպեսզի կարողանան երաշխավորել վերը նշված խնդիրների լուծումները:

– Սա թերևս ամենահաճախ հնչող և կարևոր հարցադրումն է։ Նախ` պետք է լինեն ինքնուրույն, հավասարակշռված, լրջախոհ, ազդեցության տակ չընկնող, սառնասիրտ, ներսից կամ դրսից չկառավարվող, փորձառու, հայրենասեր և արհեստավարժ: Առաջին հերթին այնպիսի գործիչներ են պետք, որոնց համար Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, ազգային արժեքները բացարձակ առաջնահերթություններ են, որոնք համարձակություն կունենան այս աղետից հետո վերցնելու այդ ահռելի պատասխանատվությունը։

Գործիչներ, որոնք ի զորու են ազգային ու պետական հարցերում մեր ռազմավարական դաշնակցին, այո’, մեր ժողովրդի փաստացի միակ դաշնակից մնացած Ռուսաստանին, առանձին հարցերում, հիմնավորված և համոզիչ Ո’Չ ասելու, ընդունակ են ավանդական գործընկեր բոլոր երկրների հետ ակտիվ համագործակցության քաղաքականություն իրականացնելու։

Փորձառու, եռանդուն, ամուր, կամային ու վճռական ղեկավարներ են պետք ռազմաքաղաքական, դիվանագիտական, իրավական, տնտեսական, սոցիալական և մյուս ոլորտներում առկա անհաշվելի խնդիրները լուծելու կամ գոնե լուծման իրատեսական տեսլական առաջարկելու համար։

Մեզ պետք է ղեկավար, որին չեն ծաղրի ո՛չ մի երկրում, ինչն արվում է այս օրերին հարևան երկրներում: Վերջերս ականատես ենք լինում այնպիսի տեսարանների, թե ինչպես են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում տարբեր առիթներով ծաղրի ենթարկում Փաշինյանին: Ամեն ինչ հասել է նույնիսկ նրան, որ Ադրբեջանում Փաշինյանին ուզում են հռչակել տարվա մարդ: Իսկ Փաշինյանը որևէ ձևով չի հակադարձում Ալիևի և Էրդողանի հայտարարություններին:

Ես՝ որպես դրսում ապրող հայ, խոր ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպես է թշնամի պետության ղեկավարը ծաղրում իմ պետությունը ներկայացնողին: Ինձ նման շատ-շատերն են նույն մտքին, հավատացնում եմ Ձեզ, այ հենց սա՛ է այն ամոթը, որը պատել է մեզ բոլորիս՝ թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում: Քանի դեռ Արցախը, Շուշին «դժգույն և դժբախտ» համարած հայատյաց դասալիքը հրաժարական չի տվել վարչապետի պաշտոնից, մենք ամեն Աստծո օր, այդ ամոթը մեր ուսերին պետք է արթնանանք:

Հայատյաց դասալիքը, Ալիևին ու Էրդողանին երբեք և ոչ մի դեպքում չի հակադարձում, ինչո՞ւ: Իմ կարծիքով և ենթադրությամբ կա երեք տարբերակ.
առաջին` ամենայն հավանականությամբ կաշառվել է և սարսափում է, որ Ալիևը կբացահայտի այն և կապացուցի,

երկրորդ` երկար տարիներ աշխատել է թուրքական իշխանությունների համար և սարսափում է, որ թուրքերը կարող են հրապարակել իրենց մոտ առկա բոլոր ապացույցները,

երրորդ` Արցախի Հանրապետությունը դասալիքի և իր քաղաքական թիմի համար, ինչպես նախկինում իր քաղաքական հոգեհայրն էր ասում հայտնի հեռուստաեթերի ժամանակ. «թե տղա եք, պահեք», դարձավ բեռ, որից պետք էր ձերբազատվել: Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում նա արեց ամեն բան Արցախից ձերբազատվելու համար: Այստեղից ենթադրություն, նա թրքասեր և օտարերկրյա գործակալ է, սակայն «ծառայել է իր ազգին»:

Երրորդ տարբերակի դեպքում, իհարկե, պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ, բայց ներքուստ կարելի է հարգել` «ծառայել է իր ազգին»…
Ատել, պատժել, բայց` հարգել…

– Քաղաքական հարցերից բացի, ունենք լուծում պահանջող շատ խնդիրներ (անօթևան մնացած հայրենակիցներ, վիրավոր և անհետ կորած զինվորներ, զոհված զինծառայողների ընտանիքներ և այլն), կանադահայ համայնքն ինչպե՞ս է շարունակում իր աջակցությունը Հայաստանին և Արցախին:

– Ինչպես արդեն նշեցի, կանադահայ համայնքը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին: Օգնության ծրագրերը լինելու են շարունակական, բազմաբնույթ և տևական:

Այսօր, դժբախտաբար, չունեցանք այն հաղթական ելքը, որն ակնկալում էր աշխարհասփյուռ հայությունը: Ցավալի էր, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում պատերազմի առաջին օրից, ուղիղ 44 օր բոլորիս պահել են տեղեկատվական ստի և կեղծիքի մեջ: Օր օրի համոզելով և պնդելով, թե «Հաղթելուն ենք», սակայն պատերազմի վերջում ստացանք կապիտուլյացիայի պայմանագիր, ստորագրված դժգույն և դժբախտ վարչապետ կոչեցյալի կողմից:

Բոլորս էլ՝ Հայաստանում, թե Սփյուռքում գիտակցում ենք, որ մեր պայքարն ավարտված չէ, թուրքն իր հայակործան ծրագրից չի հրաժարվել և նպատակ էլ չունի հրաժարվելու: Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք միասնական լինել, սատարել միմյանց, որպեսզի չկորցնենք այն հայրենիքը, որ ունենք այսօր:

– Պատերազմի օրերին մեկ անգամ ևս փաստեցինք, որ Սփյուռքը զորեղ ուժ է՝ պատրաստ միշտ կանգնելու հայրենիքի կողքին: Ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստան-Սփյուռք հետագա հարաբերությունները: Որո՞նք պետք է լինեն այն առաջնային հանգրվանները, որոնց շուրջը պետք է զարգանան այդ հարաբերությունները:

– Հայաստան-Սփյուռք հարաբերությոնների վերաբերյալ կարելի է անվերջ խոսել։ Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, այդ հարաբերություններն անընդհատ վերագնահատման և վերանայման կարիք ունեն:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այսպես կոչված թավշյա իշխանությունը, որոշում կայացրեց փակելու ՀՀ սփյուռքի նախարարությունը, որը հանդիսանում էր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման հիմնական շարժիչ ուժը: Կարող ենք արձանագրել, որ հենց այդ պահից էլ կոտրվեց մեր հայրենիքի հզոր թիկունքի բնականոն աշխատանքը, որը տասնամյակներ շարունակ աշխատում և համագործակցում էր Սփյուռքում գործող հայկական կառույցների հետ, մշակում էր համատեղ ծրագրեր՝ ի բարօրություն մեր երկրի զարգացման ու պետականության ամրապնդման:

Իհարկե, Սփուռքի հետ ունեցած հարաբերությունները միշտ չէ, որ անթերի են եղել։

Հայաստանի գալիք իշխանությունը պետք է խորությամբ վերանայի Սփյուռքի հետ իր ապագա անելիքները, քանզի ներկայիս Հայաստան–Սփյուռք հարաբերություններն ամենալավ տեղում չեն, և սրա միակ պատասխանատուն այսօրվա իշխանություններն են, ի դեմս Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ու վերջինիս որդեգրած աշխատանքային գործունեության:

Սա իր բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների զարգացման վրա և ամեն ինչ հասավ նրան, որ վերջերս հանձնակատարի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ պատերազմից հետո խոր անջրպետ կա Սփյուռքի և Հայաստանի միջև:

Լավ, մարդ որքա՞ն պետք է անտեղյակ լինի Սփյուռքից, հենց Սփյուռքում երկար տարիներ աշխատած և ապրած լինելով հանդերձ, որ նման միտք արտահայտի: Ինչպես մի առիթով նշել էի, ևս մեկ անգամ կկրկնեմ հետևյալը՝ Սփյուռքի և Հայաստանի միջև անջրպետ չկա, չի եղել և ՉԻ լինի․․․ Անջրպետը` ներկայիս վարչախմբի և աշխարհասփյուռ հայության միջև է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս