Մարիա Կարապետյանը հերքում է՝ Անի Սամսոնյանն իրեն սուտ միտք է վերագրել, սակայն չի պատրաստվում դիմել դատարան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ հայտարարությունների ժամին  https://168.am/2020/12/08/1423803.html հայտնեց, որ հայ ռազմագերիների խնդրի հետ կապված փակ քննարկման ժամանակ իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով ամենաշատն է շահագրգռված եղել, որպեսզի հարցը քննարկվի փակ ռեժիմով, ասել է, թե Ադրբեջանում հայ ռազմագերիների հետ լավ են վարվում:

Այսօր ԱԺ-ում 168.am-ը Մարիա Կարապետյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս կարծում է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիները լավ վերաբերմունքի են արժանանում:

Մինչ բուն հարցին անդրադառնալը՝ Մարիա Կարապետյանը ներկայացրեց քննարկման նախապատմությունը:

«Երեկ «Լուսավոր Հայաստանի» առաջարկով ԱԺ-ն ընդունեց ուղերձ, որով մենք բոլորս միաձայն  դիմեցինք միջազգային տարբեր դերակատարների՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց հարցը բարձրաձայնելով այդ դերակատարների առջև: Սա ըստ էության նամակ է, որը կարելի է ուղղել նաև առանց նիստ անելու, օրինակ, և առանձին հարց է, թե ինչպիսի տեղեկություն ունի պետությունը ռազմագերիների մասին, այսինքն՝ քանի ռազմագերի ունենք, ինչպես են նրանց պահում, ինչ են անում և այլն: Սա աշխատանքային քննակում է, որը կարելի է ունենալ գերատեսչությունների հետ, և եթե նույնիսկ Ադրբեջանում մեկ ռազմագերի կա, կարելի է այդ նամակն ուղարկել: Մենք առաջարկեցինք, որ նիստը փակ կայանա, որպեսզի այդ հարցերի պատասխանները հնարավոր լինի հնչեցնել: Ենթադրում եմ, որ որոշման միաձայն ընդունմանը «Լուսավոր Հայաստանը» պատրաստ չէր, չգիտեմ, երևի ընդդիմադիր երևալու բարդույթը չհաղթահարելու պատճառով, երեկ առավոտյան ԱԺ նիստը սկսվեց սկանդալով՝ կրկին նիստի փակ կամ բաց լինելու կապակցությամբ»,- նշեց Մարիա Կարապետյանը:

Ըստ նրա, ինքն ասել է, որ այդ նիստի փակ կամ բաց լինելու հետ կապված աղաղակն ուղղակի հերթական անգամ գերիների զգայուն հարցի շուրջ քաղաքական «դիվիդենտներ շահելու համար է»: Նրա խոսքով, փակ նիստի ժամանակ Էդմոն Մարուքյանն իրեն ասել է, որ նման բան չպետք է ասեր:

«Ես պատասխանեցի, որ, եթե իրենք շարունակեն շահարկել հարցը, ապա ես էլ կշարունակեմ օրինակներ բերել, թե նրանք ինչպես են քաղաքական դիվիդենտներ հավաքում»,- հավելեց պատգամավորը և նշեց, որ շաբաթներ առաջ համացանցում հայտնվել էր մի լուր, ըստ որի՝ Ադրբեջանում պատրաստվում են իրենց հաղթական շքերթի ժամանակ ցուցադրել նաև հայ ռազմագերիներին:

«Իհարկե, ես երեկ պարոն Մարուքյանին ասել եմ, որ ադրբեջանցիներից կարելի է սպասել ցանկացած տիպի ռազմական հանցագործություն, բայց այդուհանդերձ  շքերթի ժամանակ հայ ռազմագերիին ստիպել քայլելը զարհուրելի է, և կարելի է, օրինակ, փակ նամակի միջոցով տեղեկացնել միջազգային դերակատարներին: Սա դուր չեկավ պարոն Մարուքյանին, և նա ինձ անվանեց ադրբեջանասեր ու թրքասեր, և տիկին Սամսոնյանը նույնը կրկնեց բաց ֆորմատով՝ ԱԺ ամբիոնից: Հնչած սուտն ընդամենը ձև է մեզ պատժելու համար»,- շեշտեց նա:

168.am-ի հարցին՝ Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով հնարավո՞ր է որևէ հարց լուծել, ինչպես առաջարկում է Անդրանիկ Քոչարյանը, Մարիա Կարապետյանը պատասխանեց.

«Ես պարզապես մեկ դրվագ կմատնանշեմ․ օրինակ, հիմա անհետ կորած զինվորների աճյունները դուրս բերելու համար մեր զինվորները, ռուս խաղաղապահների ու ադրբեջանցի զինվորականների հետ, աշխատում են, որպեսզի այդ աճյունները դուրս բերեն։ Հիմա սա մենք անե՞նք, թե՞ չանենք, խոսե՞նք, թե չխոսե՞նք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս