Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր. առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է:

«Արդեն խոսել ենք բակտերիաների այն հատկությունների մասին, որոնք էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել հակաբիոտիկներից պաշտպանվելու համար` ձևավորելով հակաբիոտիկային կայունություն:

Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի հայտնաբերման կապակցությամբ Նոբելյան մրցանակ ստանալիս իր ելույթի ընթացքում նախազգուշացրել է, որ «դժվար չէ մանրէները դարձնել պենիցիլինի հանդեպ կայուն», և որ մարդիկ կարող են մահանալ հետագայում բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն դառնալու պատճառով:

Մեծ գիտնականի կանխատեսումն իրականություն է դարձել այսօր: Գնահատումները ցույց են տալիս, որ Եվրոպայում շուրջ 25 հազար և ԱՄՆ-ում 23 հազար մարդ տարեկան մահանում է հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներով հարուցված վարակներից: Մինչդեռ Ասիայում կայուն մանրէներով պայմանավորված վարակներից յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մահանում է մեկ երեխա:

Հիշեցնենք, որ ոչ թե մարդիկ կամ կենդանիներն են կայուն դառնում հակաբիոտիկի նկատմամբ, այլ` բակտերիաները: Այս բակտերիաները կարող են վարակել մարդկանց և կենդանիներին` առաջացնելով դժվար բուժելի հիվանդություններ: Վարակների աճող ցանկը, ինչպիսիք են` թոքաբորբը, տուբերկուլոզը, արյան վարակները, գոնորեան և սննդային հիվանդությունները, դառնում են ավելի դժվար բուժելի և երբեմն անբուժելի, քանի որ հակաբիոտիկները կորցնում են իրենց արդյունավետությունը կայուն բակտերիաների հանդեպ: Այսօր հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է խոցել ցանկացած մարդու, ցանկացած տարիքի, ցանկացած երկրում: Որո՞նք են այն գործոնները, որ նպաստում են այս խնդրի խորացմանը գլոբալ մակարդակով:

  • Աշխարհի շատ երկրներում հակաբիոտիկների վաճառքն ազատ է, այսինքն` մարդիկ այն կարող են գնել դեղատնից առանց դեղատոմսի: Մի կողմից անհրաժեշտ է սահմանափակել այս դեղերի չարաշահումը, մյուս կողմից` ապահովել նրանց բավարար հասանելիությունն իրական կարիք ունեցող հիվանդների բուժման համար:
  • Բուժման ստանդարտ ուղեցույցների բացակայությունը կարող է նպաստել բուժաշխատողների և անասնաբույժների կողմից այս դեղերի չափազանց շատ նշանակմանը:
  • Հակաբիոտիկների օգտագործումը բացառիկ չէ մարդկանց համար: Վերջիններս օգտագործվում են նաև անասունների և ձկների բուժման համար՝ վարակները կանխելու նպատակով: Սակայն հակաբիոտիկները շատ երկրներում վարակների բուժումից զատ օգտագործվում են կենդանիների աճը խթանելու և բերքատվությունը մեծացնելու նպատակով: Ամեն տարի արտադրվող 100 հազարից 200 հազար տոննա հակաբիոտիկների մեծ մասն օգտագործվում է գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտներում:
  • 1987 թվականից ի վեր չեն ստեղծվել նոր դասի հակաբիոտիկներ, որոնց նկատմամբ կայուն բակտերիալ ձևեր դեռ չեն առաջացել: Նոր հակաբիոտիկների մշակումը պահանջում է նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսավորման լուծումներ` այս ոլորտում հետազոտությունները խթանելու համար: Դեղերի ստեղծումը շատ մեծ ներդրումներ է պահանջում: Միջին հաշվով, նորարարները կարող են ակնկալել 10-ից 15 տարի և մինչև 2,6 միլիարդ դոլարի ներդրում` ընդամենը մեկ նոր դեղամիջոց ստեղծելու համար:
  • Քաղաքների ավելի խիտ բնակեցման, ինչպես նաև հիգիենայի բացակայության և սանիտարական անբավարար պայմանների պարագայում, քաղաքային կենտրոնները դառնում են բակտերիաների աճի և բազմացման համար իդեալական միջավայր` մեծացնելով վարակների տարածման հավանականությունը, որն էլ մեծացնում է կարիքը հակաբիոտիկների նկատմամբ:

2019-ին ՄԱԿ-ի հակամանրէային կայունության համակարգման խումբը զգուշացրել է, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկային բուժման չենթարկվող հիվանդությունները կարող են տարեկան 10 միլիոն մահվան պատճառ դառնալ և կարող են այնքան աղետալի վնաս հասցնել տնտեսությանը, որ մինչև 2030 թվականը 24 միլիոն մարդու հասցնեն ծայրահեղ աղքատության շեմին: COVID-19 համավարակի ընթացքում հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կարող է սրել հակամանրէային կայունության ներկայիս գլոբալ հիմնախնդիրը:

Ուստի խնդիրը մեղմացնելու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել թե՛ անհատական և թե՛ հասարակության մակարդակներում: Թե ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս աջակցել խնդրի լուծմանը որպես անհատ, և ի՞նչ ընդհանուր վերափոխումներ անել, այդ մասին` հաջորդիվ»:

Տեսանյութեր

Լրահոս