Լոռվա երիտասարդները հանդիպեցին Կարեն Կարապետյանին
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աջակցությամբ վերջերս ստեղծվել է «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է համապատասխան ատյաններում բարձրացնել մարզի երիտասարդության առջև ծառացած խնդիրների մասին, տարաբնույթ նախաձեռնությունների միջոցով հնարավորությունների սահմաններում նպաստել այդ խնդիրների աստիճանական կարգավորմանը, երիտասարդության կրթության, ինքնադրսևորման, կատարելագործման, ինչպես նաև հանգստի ու ժամանցի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդների ներուժի ակտիվացմանը:
Ստեղծվել է ՀԿ քառասուն հոգանոց խորհուրդ, որի կազմում ընդգկրկված են մարզի բոլոր տարածաշրջանները ներկայացնող ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, մտավորականներ, տնտեսության և պետական կառավարման համակարգում արդեն իսկ իրենց լավագույնս դրսևորած տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ:
Այսօր տեղի ունեցավ հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հանդիպումը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ: Երիտասարդները պատգամավորին ներկայացրեցին իրենց առաջարկներն ու տեսլականը՝ նշյալ խնդիրների կարգավորման վերաբերյալ: Ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվեցին տարաբնույթ խնդիրներ, որոնք առկա են մարզում՝ կապված ոչ միայն երիտասարդներին առնչվող հարցերի, այլև ընդհանրապես այլ ոլորտների հետ:
Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ մեր երկրի ամենամեծ ներուժը մարդկայինն է, ուստի շատ կարևոր է մարդկային, առավել ևս՝ երիտասարդական ներուժի պահպանումը, զարգացումն ու ակտիվացումը: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությանը՝ իրենց առջև դրված խնդիրների լուծման ճանապարհին՝ կոչ անելով լինել առավել նախաձեռնողական և ակտիվ, ցուցաբերել առավելագույնս քաղաքացիականություն ու պատասխանատվություն:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ առկա խնդիրները հնարավոր է հաղթահարել հասարակական կառույցների, օրենսդիր մարմնի ներկայացուցիչների և գործադիր մարմինների ակտիվ և արդյունավետ համագործակցության միջոցով:
Կարեն Կարապետյանի գրասենյակ