«Մենք ջախջախիչ պարտություն կրեցինք, որովհետև 2018-ի դեկտեմբերին 884.864 մարդ իր ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ մենք այս պատերազմում պարտվեցինք, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ճգնաժամային իրավիճակում երկիր ղեկավարել: Նրա խոսքով՝ դա պարզ էր արդեն այն ժամանակ, երբ մեր երկիրը բախվեց առաջին ճգնաժամին՝ կորոնավիրուսին:

«Մենք ջախջախիչ պարտություն կրեցինք, որովհետև 2018-ի դեկտեմբերին 884.864 մարդ իր ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին և 2.5 տարի, մի քիչ ավելի քչացած, բայց կուրծք էին ծեծում իր համար, չնայած արդեն պարզ էր, թե ինչ տիպի մարդ է: Առաջին ծիծեռնակը, որից հասկանալի դարձավ, որ պատերազմը և պատերազմի ղեկավարումը Փաշինյանի կողմից անհամատեղելի բաներ են, դա կորոնավիրուսն էր, երբ ունեցանք առաջին լուրջ ճգնաժամը երկրում, որը տապալվեց: Մինչև հիմա Հայաստանն առաջատար դիրքերում է այդ հիվանդության տարածման, վարակման ցուցանիշներով: Արդեն պարզ էր, որ ճգնաժամային կառավարումը Նիկոլ Փաշինյանի գործը չէ, և այն ժամանակ արդեն արտահայտություններ կային, որ Աստված չանի՝ պատերազմ սկսվի, ի՞նչ է լինելու: Տեսանք՝ ինչ եղավ»,- ասաց Քոչարյանը:

Մեդիափորձագետը նշեց, որ պատերազմի ամբողջ ընթացքում մեզ ստել են, որպես օրինակ բերեց Հադրութի գրավումը, որը պաշտոնական մակարդակով անընդհատ հերքվում էր:

«Ժողովրդին թմբիրի մեջ էին գցում, թմրեցնում էին, որ իրականությունը չհասկացվեր: Օգտագործվեց շատ զզվելի տեխնոլոգիա, որն օգտագործվում էր նաև կորոնավիրուսի ժամանակ, դա ապաանձնավորումն էր զոհի, այսինքն՝ զոհը դառնում էր ուղղակի վիճակագրական տվյալ՝ առանց անուն-ազգանունի, առանց իր անցած ճանապարհի, առանց իր գործած սխրանքի: Արգելվեց լուսաբանել հոգեհանգիստները, թաղումները, ու շատ փակ էր: Երեխաներին զոհված բերում էին, նեղ բարեկամական շրջապատում հուղարկավորում էին, և այստեղ ապրող ժողովուրդը, Կասկադում սուրճ խմող ժողովուրդը չէր հասկանում՝ ինչ աստիճանի դժբախտություն է եղել, հարյուրավոր, հազարավոր զոհեր ունենք: Մարդկանց, շատերի կողքով անցավ պատերազմը, չէին հասկանում՝ ինչ կատարվեց»,- ասաց Տիգրան Քոչարյանը և ընդգծեց, որ երբ զոհերը շատ են, հարցեր են առաջանում, ինչի պատճառով Ադրբեջանը որոշեց առհասարակ այդ մասին չխոսել:

Տիգրան Քոչարյանը նկատեց, որ վերջին 2.5 տարվա ընթացքում սևացվել է գեներալի կերպարը:

«Մենք մարազմի երկրում ենք ապրում, հիմա պետության կողմից հետապնդվում է նաև Սեյրան Օհանյանը,  որը հետապնդվում է նաև Ադրբեջանի կողմից: Այսինքն՝ գեներալ Սեյրան Օհանյանն այստեղ դատվում է, և Ադրբեջանն էլ հարցում է տվել, որ իրեն ձերբակալեն, եթե ինքը Հայաստանից դուրս գտնվի, իրեն մեղադրում են ցեղասպանություն անելու մեջ: Փաստորեն, այս մարդը երկու երկրների իշխանությունների կողմից հետապնդվում է: Ամենասկզբից ծրագիր գնաց, որ «գեներալ» բառը Հայաստանում դառնա հայհոյանք, որ «գեներալ» ասելիս՝ լիներ ոչ թե զինվորական հարգանք և պատիվ, այլ մարդիկ պատկերացնեին թալանչի, տուշոնկա գողացող, կոռուպցիոներ, տգետ, բռի, չոբան: Ընտրվում էին գեներալներ, որոնք որոշ խնդիրներ կարող է  ունենային հասարակական ընկալման մեջ, և իրենց միջոցով ընդհանուր գեներալիտետի վրա էր դա տարածվում: Ոչինչ չհաստատվեց»,- ասաց նա:

Հարցին, թե ով կարող է լինել Նիկոլ Փաշինյանի փոխարեն, Քոչարյանը պատասխանեց.

«Ով ասես, նույնիսկ մետրոյի մոտ կանգնած բոմժը կարող է ավելի հայրենասեր լինել, ավելի սառնասիրտ, կարդացած, զարգացած, կյանք տեսած, քան ներկայիս վարչապետը: Պլանկան այնքան է իջեցրած, որ յուրաքանչյուր մարդ կարող է  ղեկավարել երկիրը և ասել, թե՝ ինչո՞վ եմ ես վատ»,- ասաց Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս