Բաժիններ՝

«Արդյո՞ք այս այցով հող չի նախապատրաստվելու բրիտանական արտադրության վակցինայի ձեռքբերման համար». Արժանապատիվ բուժաշխատողների միություն

Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:

Այս մասին հայտնում են ԱՀԿ հայաստանյան գրասենյակից:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին (ՇԲԽ) և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար: Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և ԱՀԿ-ի աջակցությամբ:

«Այս խումբն ունի արժեքավոր փորձառություն: Համավարակի ընթացքում նրանք գործուղվել են բազմաթիվ երկրներ, նաև աշխատել են Միացյալ Թագավորությունում COVID-19-ի դեմ ծավալված միջոցառումների շրջանակում: Վստահ եմ, որ այս պրոֆեսիոնալ խումբը կարող է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները հայ բուժաշխատողներին՝ աջակցելով COVID-19-ով տառապող հիվանդների բուժմանը»,- նշել է դոկտոր Զայցևը:

Առաջիկա ամսվա ընթացքում, ըստ հաղորդագրության, Մեծ Բրիտանիայի ՇԲԽ-ն կանցկացնի վերապատրաստման դասընթացներ, կհամակարգի հիվանդանոցների աշխատանքը և կհամագործակցի բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում։ Խումբը կաջակցի Առողջապահության նախարարությանը՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում։

Մեծ Բրիտանիայի շտապ բուժօգնության խումբը դասակարգված է որպես ԱՀԿ նախաձեռնություն, որի նպատակն է ձևավորել նախնական որակավորում ունեցող, արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն տրամադրող շտապ բուժօգնության խմբերի համաշխարհային ցանց։ ԱՀԿ-ի այս դասակարգումը վկայում է հիվանդներին անմիջականորեն բուժում ցուցաբերելու խմբի կարողության մասին՝ ԱՀԿ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այս առնչությամբ «Արժանապատիվ բուժաշխատողների միություն-Union of Decent Healthcare Workers» ֆեյսբուքյան էջը հետևյալ հարցերն է բարձրացնում՝

  • Այդ ի՞նչ սուպերպրոֆեսիոնալների թիմ է, որ, լինելով շտապ բուժօգնության խումբ, ընդունակ է բուժական հարցերից սկսած մինչև կազմակերպչական, կառավարչական, հիվանդանոցների համակարգման, COVID-19-ից բացի այլ (նշված չէ, թե որ) հիվանդությունների դեմ պայքարի, կրթական և այլ խնդիրներ լուծել,
  • Ի՞նչ հիմքով է այս խմբին փոխանցվում պետական կառավարման մարմնի գործառույթ՝ հիվանդանոցների աշխատանքի համակարգում,
  • Արդյո՞ք ավելի լայն լիազորություններ չեն տրված ԱՆ-ի կողմից այս խմբին, քան ներկայացված է հաղորդագրության մեջ,
  • Ինչու՞ է այս առաքելությունն իրականանում ռազմական դրության պայմաններում,
  • Արդյո՞ք այս խումբը չի առնչվելու ռազմական գաղտնիք պարունակող տվյալների հետ, հաշվի առնելով այն, որ մեր հիվանդանոցներում ներկայում բուժում են ստանում նաև մարտական գործողություններում վիրավորվածներ,
  • ՀՀ և ՄԹ առողջապահական համակարգերի ու կրթական ստանդարտների էական տարբերությունների պարագայում ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ նշված խմբի գործունեությունը,
  • Արդյո՞ք դիտարկվել են այլ երկրների բուժաշխատողների աջակցության այլընտրանքային տարբերակներ, օրինակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կամ բարեկամական Ֆրանսիայի,
  • Արդյո՞ք այս այցով հող չի նախապատրաստվելու բրիտանական արտադրության վակցինայի ձեռքբերման համար,
  • Արդյո՞ք այս խմբի ստվերային զեկույցը չի հայտնվելու մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների սեղանին,
  • Արդյո՞ք տեղական մասնագիտական ներուժը լիարժեք օգտագործվել է համավարակի դեմ պայքարում,
  • Արդյո՞ք ԱՀԿ հայաստանյան գրասենյակն ունի բարոյական իրավունք ստանձնելու նման բազմապրոֆիլ բժշկական դեսանտի հրավերը,
  • Արդյո՞ք ձախողված ոլորտի ղեկավարը այս առաքելության սահուն ապահովման համար չի առայժմ թողնվել իր պաշտոնին,
  • Ինչու՞ ԱՀԿ էջում տեղադրված է շատ ավելի կցկտուր տեղեկատվություն այդ խմբի նպատակների մասին, քան լրատվականի էջում,
  • Ինչու՞ առողջապահության նախարարության էջում այսօրվա՝ նոյեմբերի 26-ի կեսօրվա դրությամբ որևէ տեղեկատվություն ընդհանրապես չկա այդ խմբի մասին:

Միավորումը նաև գրում է, որ այս և մի շարք այլ հարցեր միգուցե չառաջանային, եթե առկա չլինեին մի շարք հանգամանքներ.

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ե.Զայցևը այս ողջ ընթացքում աչքի չի ընկել առողջապահության նախարարության կողմից համավարակի դեմ պայքարի տապալման գեթ մի անաչառ գնահատականով, որով վարկաբեկել է հեղինակավոր միջազգային կառույցը և դարձրել ծաղրի առարկա,

ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանային տնօրենի անունից պատերազմի ողջ ընթացքում տարածել է արցախյան հակամարտության վերաբերյալ ընդամենը մեկ՝ անատամ, անհասցե հայտարարություն, մինչդեռ Ստեփանակերտի հիվանդանոցի, ծննդատան, մի շարք հոսպիտալների նպատակային ռմբակոծմանը, շտապօգնության մեքենաների թիրախային խոցմանը, բուժաշխատողների սպանություններին որևէ կերպ չի անդրադարձել,

ԱՆ-ն համավարակի դեմ պայքարում անտեսել է մասնագիտական տարբեր հարթակներից հնչած բազմաթիվ ողջամիտ առաջարկներ, անձնական շարժառիթներով առողջապահական համակարգի դռները փակել է իրեն քննադատող փորձառու բուժաշխատողների առջև, ովքեր անգամ խիստ պահանջարկի պայմաններում չեն կարողացել իրենց ծառայությունները մատուցել հայրենիքին,

ՄԹ-ն այն երկիրն է, որն ըստ ԶԼՄ-ների անթաքույց աջակցել է մեր թշնամուն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակել հակամարտությանը վերաբերող բանաձևի ընդունումը, մինչդեռ առողջապահությունը ազգային անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկն է:

Ամփոփելով վերոհիշյալը, առնվազն հարց է առաջանում. որո՞նք են հենց ՄԹ-ից այսպիսի տարաբնույթ ու աննախադեպ լիազորություններով օժտված խմբի ՀՀ հրատապ գործուղման իրական նպատակները և ինչ քողարկված վտանգներ կարող են պարունակել մեր երկրի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս