«Կարո՞ղ էինք արդյոք մենք փրկել հարյուրավոր մարդկային կյանքեր». պետական դավաճանություն մասին Արթուր Ղազինյանը հաղորդում է ներկայացրել Դատախազություն

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հայտարարեց, որ պետական դավաճանության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Ղազինյանը հայտնեց, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում բոլոր կորուստները հետևանք են պատմական մասշտաբի պետական հանցագործության, դավաճանության: Նրա խոսքով՝ ՀՀ ՔՕ 299 հոդվածը՝ պետական դավաճանությունը, Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ այս ծավալով, թերևս, կիրառվում է  առաջին անգամ, և այն առերևույթ կատարվել է բարձրագույն պաշտոնատար անձանց՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության  կողմից:

Անդրադառնալով հանցագործության փաստական հիմքերին՝ Արթուր Ղազինյանը ընդգծեց բանակցային գործընթացի հետևողական և նպատակային տապալման,  պետական կառավարման համակարգի կազմաքանդման, ներհասարակական պառակտում, ատելություն, թշնամանք ու  անհանդուրժողականություն սերմանելու,  Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդման,  Հայաստանը տոտալ մեկուսացման մեջ թողնելու նպատակով: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը ներկայացրեց այլ հիմքեր ևս՝ քաղաքացիական ավիացիայի կործանման, ռեգիոնալ ստատուս-քվոյի և ուժերի հավասարակշռությունը միտումնավոր և նպատակային խախտելու, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները դիտավորյալ և մտածված փչացնելու փաստերի մասին:

Արթուր Ղազինյանն անդրադարձավ նաև  պետական դավաճանության մոտիվին ու նպատակին՝ նշելով, որ պետական դավաճանության պատճառները, նպատակները դեռևս անհայտ են, և դրանք պետք է բացահայտվեն քրեական գործի լրիվ, համակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում:

«ՔՕ 299 հոդվածով նախատեսված արարքը դրսևորվել է մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար թշնամուն օգնություն ցույց տալու միջոցով»,- նշեց Արթուր Ղազինյանը:

Ղազինյանի խոսքով՝ ուսումնասիրելով պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև հետպատերազմական հատվածում առանձին իրավասու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններն ու բացահայտումները, տեղական ու միջազգային լրատվամիջոցների հրապարակումները, պարզ է դառնում, որ «ՀՀ որոշ բարձրաստիճան անձինք ենթադրաբար կատարել են ՀՀ ՔՕ-ով արգելված մի շարք հանցանքներ, այդ թվում՝ պետական դավաճանություն և պետական գաղտնիքի հրապարակում»:

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է ուշադրություն դարձնի Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության վրա, Մովսես Հակոբյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությունների վրա, ինչպես նաև ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի հայտարարության վրա, որում նա նշել էր, թե հոկտեմբերի 20-ին եղել է պատերազմը դադարեցնելու հնարավորություն, սակայն  հայկական կողմը չի ընդունել:

«Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է  հանձնվել Շուշի քաղաքը, ձեռնարկվե՞լ են արդյոք բոլոր անհրաժեշտ միջոցները և քայլերը Շուշի քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար, պաշտպանության կազմակերպմանը մասնակցե՞լ են արդյոք ՀՀ և Արցախի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները, հնարավո՞ր էր արդյոք խուսափել նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, Շուշի քաղաքը առանց մարտերի հանձնելուց:

Կարո՞ղ էինք արդյոք մենք փրկել հարյուրավոր մարդկային կյանքեր, թե՞ ոչ: Այս հարցը պետք է դառնա նախաքննության հատուկ առարկա: Պետք է պարզվեն այս ստորագույն դավաճանության բոլոր էպիզոդները, գնահատվի իրավիճակը և տրվի քրեաիրավական գնահատական բոլոր գործողությունների համակցության կոնտեքստում»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Ղազինյանի համոզմամբ՝ «ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունները պլանավորված և հետևողական կատարել են այնպիսի քայլեր, որպեսզի Արցախում ռազմական գործողությունները դադարեն Շուշին առանց մարտերի Ադրբեջանին հանձնելուց և Շուշիում Ադրբեջանի դրոշի օրը բարձրացվելուց հետո միայն»:

Պետական դավաճանության մասին հանցագործության՝ Դատախազություն ներկայացնելուց հետո, ըստ Ղազինյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, այն ըստ ընդհատության ուղարկվի ԱԱԾ քննչական դեպարտամենտ, իրականացվի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն կատարվածի համար մեղավոր բոլոր անձինք:

Տեսանյութեր

Լրահոս